Հայաստանը քննարկելի օրակարգ չի համարում խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանը
3 րոպեի ընթերցում
Հայաստանը պատրաստ է օր առաջ խորհրդակցություններ սկսել ադրբեջանական կողմի հետ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ, սակայն չի ընդունում ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին վերահաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք հայտնել ենք, որ պատրաստ ենք օր առաջ սկսել: Հենց այս պահին ես պատրաստ եմ սկսել խորհրդակցություններ ադրբեջանական կողմի հետ այն մասին, թե որտեղ և երբ լինի այդ պայմանագրի ստորագրումը: Իհարկե, գիտենք նաև ադրբեջանական կողմի մեկնաբանությունն ու պայմանը սրա հետ կապված: Մենք այդ պայմանը չենք ընդունում: Իրենք հայտնում են այդ մասին և հրապարակային, և հանդիպումների ընթացքում: Մենք դա որպես քննարկելի օրակարգ չենք համարում և այդ պայմանը չենք ընդունում: Հուսով եմ, որ առաջիկայում պրոցեսներն այնպես կգնան, որ մենք խաղաղության ինստիտուցիոնալացման այդ քայլը՝ ստորագրումը, հետագայում վավերացումը, ևս կանենք»,-ասաց Միրզոյանը:
Նա ընդգծեց, որ կան բազմաթիվ բաղադրիչներ, հարցեր, աշխատանքի ուղղություններ՝ սկսած սահմանազատումից, վերջացրած հումանիտար հարցերով, գերիներով: Աշխատանք շատ կա՝ նաև անկախ բուն ստորագրումից:
Ըստ Միրզոյանի՝ այն պայմաններում և այն հնչեղությամբ, որ տեղի ունեցավ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, գրեթե բոլոր պետությունների, միջազգային կառույցների կողմից ողջունելը, երկրների ղեկավարների կողմից ստորագրումից հետո և մինչև օրս հնչող հայտարարություններն անընդհատ հաստատում են, որ խաղաղությունը հաստատված է: «Երկրների ղեկավարները անընդհատ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ պահել ու զարգացնել խաղաղությունը: Եվ այս առումով այն կարևոր հանգրվանը, որ մենք ուզում էինք՝ խաղաղության հաստատում՝ ստորագրությամբ, տեղի է ունեցել նախաստորագրությամբ: Բայց նաև իմ նկարագրած մնացած ամեն ինչով: Գուցե մի քիչ էլ չափազանցություն լինի, բայց կարծիք կա, որ սրա ֆոնին ու պայմաններում այդ ստորագրումը միգուցե արդեն գործընթացի ավելի շատ տեխնիկական շարունակությունն է և, իհարկե, ինստիտուցիոնալացումը»,-ասաց նախարարը:
Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար առաջ է քաշել Մինսկի խմբի լուծարման և Հայաստանի սահմանադրության փոփոխության նախապայմանները: Մինսկի խմբի հետ կապված հարցը լուծվել է: Ինչ վերաբրում է ՀՀ սահմանադրության փոփոխության նախապայմանին, ապա հայկական կողմը բազմիցս ընդգծել է, որ այդպիսի հարց, որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց, գոյություն չունի քննարկումներում. և՛ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության, և՛ նոր Սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի և Հայաստանից ժողովրդի որոշելիքի հարցն է։