Լավրովը խոսել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ հայեցակարգն ընդունելու Պուտինի մտադրության մասին
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում կայացած բանակցությունների ժամանակ հաստատել է իր պատրաստակամությունը կարգավորելու Ուկրաինայի հակամարտությունն այն հայեցակարգի հիման վրա, որն առաջարկել է Վաշինգտոնը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հունգարիայի «Ուլտրահանգ» YouTube ալիքին տված հարցազրույցում։
«Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Պուտինն ասել է, որ պատրաստ է համագործակցելու այն հայեցակարգի և շրջանակային մոտեցման հիման վրա, որը նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչը ներկայացրել է Մոսկվայում, և որը նրանք շարունակել են քննարկել Անքորիջում», - ասել է նախարարը։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանի նախագահը մանրամասնորեն կրկնել է այն հայեցակարգի յուրաքանչյուր տարրը, որը ներկայացրել է ԱՄՆ ղեկավարի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթկոֆը:
Դրանից հետո, Լավրովի խոսքով, նախագահը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ընդունելու նրանց հայեցակարգը և «առաջ շարժվելու գործնական առումով՝ առաջարկվածի հիման վրա»։ Նախարարը նշել է, որ առաջարկին ուղղակի արձագանք չի եղել։ «Կողմերը համաձայնել են ընդմիջում վերցնել՝ առաջարկները քննելու համար», - հայտարարել է Լավրովը: