Մթնոլորտի փոփոխություն ու տարաձայնությունների նվազում. հայ-ադրբեջանական կլոր-սեղանի հայ ներկայացուցիչները՝ հանդիպման մասին

6 րոպեի ընթերցում

2025 թ․ հոկտեմբերի 21–22-ին Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ երկկողմ կլոր սեղան-քննարկում։ Նախաձեռնությունն ուղղված է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված Համատեղ հռչակագրի և դարձավ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս ձևաչափով առաջին հանդիպումը։ 

«Արմենպրես»-ը զրուցել է երևանյան հանդիպման հայ մասնակիցների հետ: 

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանի խոսքով՝ միջոցառման կազմակերպման նախաձեռնությունը եղել է երկու երկրների քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներից, որին աջակցել են Հայաստանի և Ադրբեջանի պետական կառույցները, ինչի շնորհիվ գաղափարն իրականություն է դարձել: 

«Սա, ըստ էության, առաջին նմանատիպ միջոցառումն է, երբ երկու երկրների փորձագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն առանց միջնորդների հանդիպում են միմյանց մայրաքաղաքներից մեկում: Սա է հենց գլխավոր նորույթը: Մինչ այս տարիներ շարունակ եղել են նման հանդիպումներ երրորդ երկրներում, միջնորդների միջոցով: Սակայն այս ֆորմատով առաջին անգամ է նման հանդիպում»,- նշեց նա: 

Քաղաքագետի խոսքով՝ հանդիպումը եղել է բավական արդյունավետ, քննարկվել է թեմաների լայն շրջանակ, անդրադարձ է եղել կողմերին հուզող բոլոր հարցերին: 

«Կարող ենք արձանագրել, որ կար մթնոլորտի բավական լուրջ փոփոխություն և մի շարք կարևոր հարցերում տարաձայնությունների լուրջ նվազեցում»,- նշեց Քոչինյանը և ընդգծեց՝ նախաձեռնությունը լինելու է շարունակական: 

Հանդիպման մասնակցել է նաև Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա՝ այս նախաձեռնությունը կարող է նպաստել կարգավորման գործընթացի ընդլայնմանը, որպեսզի այն շարունակվի ոչ միայն պաշտոնական, դիվանագիտական​, այլ նաև հանրային մակարդակով։ 

«Դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ ոչ կառավարական հատվածը Երևանում և Բաքվում որոշումներ կայացնողներին ներկայացնի խաղաղության գործընթացի վերաբերյալ իր պատկերացումները։ Իմ կարծիքով՝ հոկտեմբերի 21-22-ի հանդիպումը կատարեց հենց այս հաղորդակցման գործառույթը»,- նշեց Նավասարդյանը։ 

Նրա խոսքով՝ հանդիպման օրակարգը ներառել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերի ամբողջ սպեկտրը, այդ թվում՝ գործընթացում նոր փորձագետների և կազմակերպությունների ներգրավումը, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում: 

Քաղաքագետ Նարեկ Մինասյանն ընդհանուր առմամբ արդյունավետ է գնահատում հանդիպման ընթացքում քննարկումները: 

«Անդրադարձ ենք կատարել մեծ թվով հարցերի՝ կարգավորման գործընթացին, հաղորդակցությունների ապաշրջափակմանը, արդյունավետ երկխոսության հաստատմանը և փոխվստահության ձևավորման հեռանկարներին: Հատուկ ընդգծել ենք Բաքվում պահվող մեր հայրենակիցների վերադարձի հարցը՝ շեշտելով թեմայի զգայունությունը և կարևորությունը կարգավորման գործընթացի և երկխոսության շարունակականության համատեքստում»,- նշեց նա: 

Մինասյանի խոսքով՝ վերջին ամիսներին, հատկապես վաշինգտոնյան հանդիպումից հետո, Ադրբեջանում նկատելի է քաղաքական մթնոլորտի փոփոխություն, ինչը կարող է մեծացնել այդ երկրի քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների հետ երկխոսության արդյունավետությունը: 

Հանդիպման մասնակիցներից քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն առանձնացնում է ինչպես հանդիպման խորհրդանշական կարևորությունը, քանի որ սա նման ձևաչափով առաջին հանդիպումն էր, այնպես էլ համատեքստը, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան երկաթուղային տարանցման բացման մասին հայտարարությունը: 

«Հանդիպումն ինքնին կարելի է բնութագրել որպես քննարկում այն ​​մասին, թե ապագայում ինչ ուղղություններով կարող են գործակցել երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ինչ ձևաչափերով կարող են աշխատել և ինչպես կարող են այդ շփումները ազդել կամ նպաստել տասնամյակների հակամարտության ընթացքում կուտակված հարցերի կարգավորմանը և քաղաքական որոշումների ընդունմանը: Քաղաքացիական հասարակության առավելություններից են ավելի բաց քննարկումները և մի շարք թեմաների ու հարցերի անդրադառնալու հնարավորությունը, որոնք տարբեր պատճառներով չեն քննարկվում պաշտոնական շփումներում»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը պատրաստ են արագացնել փոխգործակցության տեմպը: 

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանի կարծիքով՝ Երևանում տեղի ունեցած հանդիպումը հնարավոր է դարձել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև տարիներ շարունակ ընթացող երկխոսության արդյունքում: 

«Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին, որոնց աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների միջև միջնորդավորված շփումները եղել են շարունակական: Առանց այդ աջակցության դժվար կլիներ պատկերացնել ուղիղ երկխոսության հավանականությունն ու հնարավորությունը»,- նշեց Սուլթանյանը: 

Նրա խոսքով՝ ուղիղ երկխոսությունը ենթադրում է ավելի բարձր պատասխանատվություն և հաշվետվողականություն երկու հասարակությունների առաջ՝ մարդկանց իսկապես հուզող խնդիրները հասցեագրելու և դրանց շուրջ կենսունակ, իրատեսական լուծումներ գտնելու համար։

Հայերեն العربية English فارسی Français Русский

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը

Ֆրանսիայում սպասվող նոր բողոքի ակցիաների կապակցությամբ երկրում կտեղակայվի շուրջ 70 000 իրավապահ

Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Մարդու, կենդանիների և շրջակա միջավայրի առողջությունը՝ նույն համատեքստում. COP17-ում անցկացվեց «Մեկ առողջություն» քննարկումը

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ