Կառավարությունը հաստատեց «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագիրը
3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Երևանի «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման ներդրումային ծրագրին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշման նախագիծն ընդունվեց ՀՀ կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում:
Ներդրումային ծրագիրը Կառավարության անդամներին ներկայացրեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս քաղաքաշինական ծրագրի նպատակը «Կասկադ» համալիրի ամբողջական և ավարտուն տեսք ստանալն է: Միաժամանակ կապահովվի կապը Կենտրոնի և հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշահամալիրի հետ։ Արդյունքում կյանքի կկոչվի նաև թամանյանական և ջիմթորոսյանական ամբողջ կոմպլեքսի մտահղացումը»,- ներկայացնելով ներդրումային ծրագիրը՝ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ներդրումային ծրագրի արդյունքում՝ «Կասկադ» համալիրի կառուցվող հատվածում տեղակայված կլինեն քաղաքապետարանին պատկանող նոր համերգասրահ՝ 1000 տեղանոց, ժամանակակից արվեստի թանգարան, նոր ցուցասրահներով հագեցած, պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված, հարակից տարածքն էլ կբարեկարգվի և կկանաչապատվի։ Կձևավորի մշակութային և ժամանցային նոր հանգույց՝ ավելի քան 30 հազար քառակուսի մետր տարածքով։ «Հարակից 4.6 հեկտար տարածքում ծրագիրը իրականացնող ընկերությանը հնարավորություն կտրվի բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել, որը ինտեգրված կլինի ճարտարապետական միջավայրի հետ։
«Այս պատմությունը տասնամյակների չլուծված խնդիր է, «Կասկադ» համալիրի վերևի հատվածում փոսորակը մոտավորապես 2007 թվականից փորված է, և դրանից հետո գործը տեղից չի շարժվել»,- նշեց քաղաքապետը:
Ներդրումային ծրագիրը իրականացնելու է «Ջի Թի Բի Դեվելոփմենթ» ընկերությունը։
2024 թվականի մարտին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Երևանի «Կասկադ» համալիրի վերևի հատվածը, որի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից, վերադարձվել է Երևանին (խմբ. մինչ այդ Կասկադի անավարտ հատվածը հասարակական կառուցապատման նպատակով տրամադրվել էր «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին, որը պետք է ավարտուն տեսքի բերեր այն, սակայն տարբեր պատճառներով հարցը ձգձգվել էր, իսկ խնդիրն այդպես էլ մնացել էր չլուծված)։ Դրանից հետո հայտարարվեց, որ այդ հատվածում կիրականացվեն արդիականացման աշխատանքներ՝ համալիրն ավարտուն տեսքի բերելու համար։