Քաղաքականություն

Հայաստանը քայլ առ քայլ հաղթահարում է շրջափակումը. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանը քայլ առ քայլ հաղթահարում է շրջափակումը. Փաշինյան

Ադրբեջանի որոշումը՝ իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները հանելու վերաբերյալ նշանակում է, որ Հայաստանը քայլ առ քայլ հաղթահարում է շրջափակումը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մեր տնտեսության կառուցվածքում առաջիկայում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ: Արդեն 2 օր է, ինչ քննարկվում է, որ Ադրբեջանը հայտարարեց դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Դա շատ կարևոր որոշում է, որը ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրը և ձեռք բերված պայմանավորվածությունները միայն դեկլարացիա չեն, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Այսինքն՝ դրանք դեկլարացիա են, որոնք բերել են կոնկրետ արդյունքներ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ բացասական երևույթների մասին միշտ է խոսվում, սակայն դրականը մնում է անտեսված: 

«Երբ մի գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են տեղի ունենում, բայց երբ որևէ գյուղում արդեն երկար ժամանակ է՝ կրակոցի ձայն չի լսվում, դա ոչ ոք չի քննարկում: Կան մարդիկ, որոնք ասում են՝ «Հայաստանը կործանվում է»։ Այդ մարդիկ ուղղակի չգիտեն Հայաստանը: Հայաստանում կան ինստիտուտներ, կազմակերպություններ, քաղաքական փիլիսոփայություն, որոնք ապրում են Հայաստանի կործանման բանաձևի մեջ: Այսինքն՝ նրանց հարաբերության ձևը, գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է, իսկ եթե Հայաստանը չի կործանվում, նրանց համար գործունեության դաշտ չկա: Հետևաբար, գոնե մի փոքր գործունեության դաշտ ապահովելու համար պետք է հիմնավորել, որ Հայաստանը կործանվում է, բայց դա էլ արդեն չի ստացվում, և երեկ ընդդիմության դատարկ տեղերով խորհրդարանական դահլիճը դրա մասին է վկայում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանը, որին ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում:

Վարչապետը հավելեց՝ նաև չպետք է տպավորություն ստեղծվի, թե խնդիրներ ընդհանրապես չկան կամ Կառավարությունն այդ խնդիրները չի տեսնում։ Վարչապետը շեշտեց՝ որևէ մեկը Հայաստանի խնդիրների մասին չգիտի այնքան, որքան Կառավարությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։ Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնական արտահայտում ունի»,-  Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իլհամ Ալիևը։ 

Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին։ Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել էր, որ շուտով Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասնի ցորենի առաջին խմբաքանակը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում