Քաղաքականություն

Հայաստանն ու ԱՄՆ-ն այժմ աշխատում են TRIPP նախագծի կյանքի կոչման ուղղությամբ․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն այժմ աշխատում են TRIPP նախագծի կյանքի կոչման ուղղությամբ․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունն ու Միացյալ Նահանգներն աշխատում են TRIPP նախագծի և վաշինգտոնյան մյուս պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովում ունեցած ելույթում։ 

Վարչապետ Փաշինյանը, խոսելով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման մասին,  ելույթի ընթացքում մեջբերել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրված համաձայնագրերը։ 

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է ԱՄՆ-ի և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» կամ TRIPP նախագծի հաղորդակցության իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը՝ բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»,-ասել է վարչապետը՝ վերահաստատելով, որ Երևանն ու Վաշինգտոնն այժմ ջանքեր են գործադրում և աշխատում են ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն դարձնելու ուղղությամբ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր էին ստորագրել։ Մինչ հռչակագրի ստորագրումը Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել էին խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև համատեղ նամակով դիմել էին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։ Նույն օրը Հայաստանը նաև համագործակցության երկկողմ հուշագրեր է ստորագրել ԱՄՆ-ի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում