Ադրբեջան

Նախագահ Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում արժանի է ամենաբարձր գովասանքի. Ալիև

3 րոպեի ընթերցում

Նախագահ Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում արժանի է ամենաբարձր գովասանքի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում Ադրբեջանի և Ղազախստանի բարձրագույն միջպետական ​​խորհրդի երկրորդ նիստում ունեցած իր ելույթի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և դրանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած դերին:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:   

«Այսօր նշանավորվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի նոր փուլը։ Եվ վերջին բախումներից երկու տարի անց խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ ցուցաբերել են քաղաքական կամքի զգալի մակարդակ: Եվ, իհարկե, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում արժանի է ամենաբարձր գովասանքի։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովը, ըստ էության, վերջ դրեց երկարատև հակամարտությանը և մեծ հեռանկարներ բացեց Եվրասիական մայրցամաքում զարգացման համար, այդ թվում՝ լայն տարածաշրջանային համատեքստում»,-ասել է Ալիևը։

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։   

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու» համար (Trump Route for International Peace and Prosperity) հռչակագիրը: Հռչակագրի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է. 

«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։ 

Կարդացեք հոդվածը` العربيةفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում