Հոկտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 հոկտեմբեր,  2025            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում կմեկնարկի հերթական նիստը:  

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 13:30-ից ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի Ուսանողական խորհուրդն ու Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնը հրավիրում են մասնակցելու IAM Industry Day expo-ի լուսաբանմանը։ 093 64 89 12: 

Մամուլի ակումբներ

Ժամը 14:00-ին  Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ նվիրված «Սինխրոն մյուզիքլ 9999» եզակի համաշխարհային նախագծին: 2026 թվականի հունվարին Մոսկվայի ԲԿՄԱ-ի մեծ մարզական արենայում պատմության մեջ առաջին անգամ կկայանա «9999 Al&World Peоple» սինխրոն ժամանակակից մյուզիքլի պրեմիերան, որը կընդգրկվի «Աշխարհի ռեկորդների գրքում»։ Միջոցառմանը կմասնակցեն 9999 հայտնի դերասաններ, հայտնի երգիչներ, պարողներ, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոններ ու ռեկորդակիրներ և բազմաթիվ այլ հայտնի դեմքեր 33 երկրից, այդ թվում՝ Հայաստանից: Ի՞նչ ձևաչափով է անցկացվելու միջոցառումը, քանի՞ մասնակից կլինի Հայաստանից, այս մասին կպատմեն. «Դյուցազնագիրք» ՀԿ նախագահ, Հայաստանի ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր Վարդան Թովմասյանը, Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն, ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը, «9999 համաշխարհային նախագծի» հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն, «9999 Մեխիկո» ժամանակակից մյուզիքլի առաջին համաշխարհային սինխրոն թատրոնի մեներգչուհի Մերի Վարդանյանը, Գինեսի գրքի ռեկորդակիր Վարդան Պետրոսյանը։

Մշակույթ

Ժամը 17:00-ին «Թեքեյան» կենտրոնի դահլիճում տեղի կունենա «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության ամփոփման արարողությունը և «Հայրենիքի և Սփյուռքի միջև» ֆիլմի շնորհանդեսը, նվիրված մրցանակաբաշխության հիմնադիրներից Երվանդ Ազատյանին։ Մրցանակներ և դրամական պարգևներ կհանձնվեն հետևյալ անվանակարգերում հաղթող ճանաչված մասնակիցներին՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ և Դեկորատիվ կիրառական արվեստ: Տոնական ձեռնարկին կմասնակցեն գրականության և մշակույթի ոլորտի անվանի ներկայացուցիչներ, մրցույթի մասնակիցները, արվեստասեր հանրություն։ 

Ժամը 19:00-ին (լրագրողների մուտքը՝ 18:00-ից) Tashir Arena-ում /Ագաթանգեղոսի 1/ կկայանա բացառիկ թատերական-կրկեսային ETERNIA ներկայացման՝ մամուլի համար նախատեսված նախապրեմիերային ցուցադրությունը: Բացի լրատվամիջոցների ներկայացուցիչներից, հատուկ ցուցադրությանը կմասնակցեն հյուրերը՝ դժվար կենսապայմաններում հայտնված ընտանիքներ, բազմազավակ և Արցախից տեղահանված ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, վետերաններ և բարեգործական կազմակերպությունների շահառուներ։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ցուցադրության ընթացքում գործում են նկարահանման որոշակի կանոններ։ Լուսանկարումն ու տեսանկարահանումը թույլատրվում են՝ ներկայացման առաջին մասի առաջին 10 րոպեների և վերջի մասի վերջին 10 րոպեների ընթացքում, ընդմիջման ընթացքում՝ ֆոյեում, ներկայացման երկրորդ բաժնի սկզբի առաջին 10 րոպեների և վերջին բաժնի վերջին 10 րոպեների ընթացքում: Միջոցառման օրը ուղիղ եթերը թույլատրվում է միայն ֆոյեում։ Դահլիճից ուղիղ եթեր նախատեսված չէ։ Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին։ Հայկ Մանուկյան, Տաթև Դուրյան: +374 (91) 590859:

Հայերեն Русский