Փաշինյանն անդրադարձավ Եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություններին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունելի չի համարում ձևակերպումը, թե «իշխանությունը հարձակում է գործում Հայ Առաքելական եկեղեցու վրա»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հայ Առաքելական սուրբ եկեղեցու թղթերում որևէ տեղ գրված չէ, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող անձը և եկեղեցին նույնական են, եպիսկոպոսն ու եկեղեցին նույնական են: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ կաթողիկոսը պաշտոնանկ է արվել և գնացել է: Եկեղեցին փլուզվե՞լ է՝ ոչ: Նախկինում Հայաստանում եղել են դեպքեր, երբ եպիսկոպոս է քրեական պատասխանատվության ենթարկվել և տարիներ է անցկացրել բանտում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառեց, որ Եկեղեցու շուրջ կատարվող իրադարձությունները պայմանավորված են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունիսի 10-ին առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, որը գործուն քայլեր կձեռնարկի կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։
Ավելի վաղ ՀՀ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտարարելով՝ եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իսկապես խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա է ունեցել, նա չի կարողանա լինել Ամենայն Հայոց կաթողիկոս։
Եկեղեցականներն էլ իրենց հերթին ՀՀ վարչապետին մեղադրում են հակաեկեղեցական արշավ սկսելու մեջ: