Ադրբեջանի նախագահի հետ մեր շփումները կրում են պարբերական բնույթ․ ՀՀ վարչապետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Եգիպտոսում կայացած զրույցում քննարկվել են նախկինում արված հայտարարությունների դրույթները: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի նախագահի հետ մեր շփումները կրում են պարբերական բնույթ: Հատկապես օգոստոսի 8-ի հաստատված խաղաղությունից հետո այդ շփումները կրում են պարբերական բնույթ: Քանի դեռ որևէ կոնկրետ հայտարարություն չի արվել՝ նշանակում է, որ աշխատանքային քննարկում է արդեն իսկ նախկինում արված հայտարարությունների շրջանակում»,- ասաց վարչապետը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով Շարմ Էլ Շեյխում մասնակցել է Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։