Ասիա

Վիետնամում ՀՀ դեսպանն ու Հայֆոնգ քաղաքի ղեկավարության ներկայացուցիչները քննարկել են հարաբերությունների զարգացման հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

Վիետնամում ՀՀ դեսպանն ու Հայֆոնգ քաղաքի ղեկավարության ներկայացուցիչները քննարկել են հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպան Սուրեն Բաղդասարյանն աշխատանքային այց է կատարել Վիետնամի Հայֆոնգ քաղաք, որտեղ հանդիպել է քաղաքային կուսակցական կոմիտեի քարտուղարի տեղակալ, քաղաքային ժողովրդական կոմիտեի (կառավարության) նախագահ Լե Նգոկ Չաուի և Հայֆոնգի քաղաքային ժողովրդական կոմիտեի արտաքին գործերի վարչության պետ Ճան Վիետ Տուանի հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Վիետնամում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպումներին ներկա են եղել նաև Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի նախագահ, Հայֆոնգի քաղաքային կուսակցական կոմիտեի նախկին քարտուղար Նգույեն Վան Թուանը և ասոցիացիայի մի շարք անդամներ։  

«Լե Նգոկ Չաուի հետ հանդիպման ժամանակ խոսելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության համար ստեղծվող նոր հնարավորությունների մասին և միաժամանակ կարևորելով Հայֆոնգի՝ Վիետնամի համար առանցքային լոգիստիկ հաբ լինելու իրողությունը՝ դեսպան Բաղդասարյանն ընդգծեց Հայաստանի՝ որպես եվրոպական, մերձավորարևելյան և եվրասիական շուկաներ մուտք ապահովող երկրի տարանցիկ նշանակությունը»,-նշել է դեսպանությունը։ 

Հաղորդվում է, որ դեսպան Բաղդասարյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանից մի շարք ապրանքների, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքների, գյուղատնտեսական արտադրանքի, չրերի արտահանման հնարավորություններին։ 

ՀՀ դեսպանը միաժամանակ հայտնել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայֆոնգի հետ առևտրի, ներդրումների, լոգիստիկայի, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գիտության, կրթության և այլ ոլորտներում։  

Լե Նգոկ Չաուն ՀՀ դեսպանին է ներկայացրել Հայֆոնգի արդյունաբերական, ենթակառուցվածքային, լոգիստիկ, ներդրումային, մշակութային և զբոսաշրջային հնարավորությունները՝ նշելով, որ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը ներկայում դեռևս համարժեք չէ կողմերի ունեցած ներուժին։ Նա հույս է հայտնել, որ դեսպանության հետ թիրախային ուղղություններով համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի բարձրացնել համագործակցության մակարդակը։ 

Դեսպանության փոխանցմամբ՝ դեսպան Բաղդասարյանի և Հայֆոնգի քաղաքային կառավարության արտաքին գործերի վարչության պետ Ճան Վիետ Տուանի միջև հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության իրականացման մեխանիզմների ապահովման հարցը: 

Վերոնշյալ հանդիպումներից հետո ՀՀ դեսպանը շրջայց է կատարել Հայֆոնգի «Vinfast» էլեկտրական ավտոմեքենաշինական գործարանում, ծանոթացել գործարանի արտադրական կարողություններին՝ վիետնամական կողմի հետ քննարկելով ավտոմեքենաշինության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում