7 րոպեի ընթերցում
Հոկտեմբերի 14-ի միջոցառումների անոնս
ՀՀ նախարարություններ
Ժամը 10:30-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը:
Ժամը 11:45-ին ՀՀ ԱԳՆ-ում ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Պետական կառույցներ
Ժամը 08:45-ին «Dvin Music Hall»-ում /Պարոնյան 40/ տեղի կունենա «Silicon Mountains 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովը։ Այս տարի այն անցկացվում է «Արհեստական բանականության անատոմիա» խորագրի ներքո՝ մեկ հարկի տակ համախմբելով աշխարհի տարբեր երկրների տեխնոլոգիաների, արհեստական բանականության և գիտության առաջատարներին։ Գագաթնաժողովի հատուկ հյուրը կլինի Վենսենթ Ռոշը (Vincent Roche)՝ Analog Devices Inc.-ի գլխավոր գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի նախագահը, ով արժանացել է նաև 2025 թ. Գլոբալ բարձր տեխնոլոգիաների մրցանակին։ Գագաթնաժողովին կմասնակցեն նաև՝ Flagship Pioneering-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր և վարչության նախագահ Նուբար Աֆեյանը, Flagship Pioneering-ի ռազմավարական խորհրդատու, Կենտրոնական Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան Անդրե Անդոնյանը, Picsart-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը, տեխնոլոգիական ձեռներեց, գինեգործ, Alexandrea Wines-ի հիմնադիր Արամ Կաբլանյանը և այլ համաշխարհային ճանաչում ունեցող առաջնորդներ տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում։ Միջոցառման ընթացքում նախատեսված են նաև VIP հատուկ գոտիներ և մասնավոր հանդիպումների տարածքներ, որոնք հնարավորություն կտան շփվելու միջազգային հյուրերի և գործընկերների հետ։
Ժամը 10:00-ին Հայաստանի ազգային գրադարանում /Տերյան 72/ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ համատեղ հոկտեմբերի 14-17-ը անցկացնելու են «Հիդրոգելեր և լուծիչ գելեր» խորագրով դասընթաց։ Դասընթացը նվիրված է գրքերի և թղթե հիմքով աշխատանքների պահպանության մեջ հիդրոգելերի և լուծիչ գելերի օգտագործմանը։ Դասընթացը կվարեն պահպանության ոլորտի գիտնական Լորա Անժելովան և գրքերի, թղթի պահպանության մասնագետ Ֆրանսուազ Ռիշարը: 033 62 35 13:
Ժամը 10:30-ին «Կոնգրես» հյուրանոցում Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է մասնակցելու Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (NDC) ու Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAP) առաջիկա մեկնարկային միջոցառմանը: Միջոցառումը հիմք կհանդիսանա կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պլանավորման ավելի ներառական մոտեցմանը և կծառայի որպես հարթակ՝ ռազմավարությունների քննարկման և կայուն զարգացման խթանման համար։ Բացման խոսք՝ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյան, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքեր: ՀՀ ՇՄՆՆ, (+374 011) 818-555:
Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի ասուլիսը։ Թեմա. աշխատանքային վեճերը կարող են լուծվել հաշտարարի միջոցով․ շրջանառության մեջ է դրվել նոր նախագիծ։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 15:00-ին «Երևան Փլեյս» հյուրանոցում կկայանա կլոր սեղան։ Այս տարվա սեպտեմբերի 23-ին Աստանայում տեղի ունեցավ «Ղազախստանի երկխոսության հարթակ. հայ-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլ» կլոր սեղանը։ Ղազախ գործընկերների նախաձեռնությանը հաջորդող փուլում կանցկացվի կլոր սեղան՝ «Վաշինգտոնյան հռչակագրի քաղաքական և իրավական հետևանքները։ Ղազախստանի երկխոսության հարթակի նշանակությունը և հեռանկարները» թեմայով։ Քաղաքագետների ասոցիացիա /AAPSc/, +374 41 06 12 47, +374 91 20 07 98:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 15:00-ին Ագրարային համալսարանի մեծ դահլիճում (Տերյան 74, 1-ին մասնաշենք) կկայանա համալսարանի 95-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում։ Ծրագիրը ներառում է ողջույնի ելույթներ, տեսաֆիլմի ցուցադրում, վերջին տարիների ձեռքբերումների ներկայացում, պարգեւատրման արարողություն, մշակութային ծրագիր։ ՀԱԱՀ լրատվ. եւ հաս. հետ կապերի բաժնի վարիչ Սոս Ավետիսյան, 091/077 30 68 55
Մշակույթ
Ժամը 12:00-ին Կինոյի տանը (Վարդանանց 18) կկայանա «ReA» պատկերապատման, արվեստի և անիմացիոն ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնի առաջին մամուլի ասուլիսը։ Կներկայացվեն այս տարվա ծրագրերը, ֆիլմերը, հատուկ հյուրերը և այլ մանրամասներ։ Փառատոնի PR պատասխանատու Արմինե Բրսոյան, 093 48 36 68:
Ժամը 16:00-ին Հայաստանի պատմության թանգարանում «Համաշխարհային ժառանգություն. փայտե կառքով դեպի ապագա» խորագրով բանախոսությունը (համաժամանակյա թարգմանությամբ) կկարդա Ամստերդամի Վրիժե համալսարանի պրոֆեսոր, Հոլանդական բացօթյա թանգարանի համադրող (Արնհեմ), Եվրոպական գեղարվեստի հիմնադրամի (TEFAF) ստուգման կոմիտեի խոսնակ (կահույք և արվեստի գործեր մինչև 1600 թ., Մաաստրիխտ) Հանս Պիենան։ Բանախոսը կխոսի Լճաշենի սայլերի համաշխարհային կարևորության մասին, կներկայացնի նաև մի շարք եվրոպական հաստատություններ, որոնք պատրաստ են համագործակցել Հայաստանի պատմության թանգարանի հետ։ Մարքեթինգի և հաղորդակցության բաժին, 055 520691:
Սպորտ
Ժամը 13:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում (Շևչենկո 34) տեղի կունենա դատապարտյալների շախմատի աշխարհի առցանց առաջնությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի դատապարտյալների հավաքականը։ ՀՀ ԱՆ ՔԿԾ, 099 60 50 99։