Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հոկտեմբերի 12-ի ժամը 10։00-ի դրությամբ շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները Երևանի Նուբարաշենի աղբավայրում․ օգտագործվել է շուրջ 1100 տոննա ջուր և իրականացվել շուրջ 500 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 9-ին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 9 մարտական հաշվարկ և 2 օպերատիվ խումբ․ ընդհանուր 43 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։
Ըստ աղբյուրի՝ կան հրդեհի ծխացող օջախներ։
Հրդեհաշիջման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը ոչ թե պատահականություն է, այլ դիտավորություն, ինչի շուրջ ինքը զրուցել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և Ներքին գործերի նախարարի հետ։
Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը):