Դոնալդ Թրամփը մեղադրել է Չինաստանին համաշխարհային շուկաները խաթարելու փորձի համար
2 րոպեի ընթերցում

Չինաստանը պատրաստվում է արտահանման սահմանափակումներ կիրառել հազվագյուտ մետաղների և մի շարք այլ տարրերի նկատմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր հարթակում։
Թրամփի խոսքով՝ այս քայլը կխաթարի համաշխարհային շուկաների բնականոն գործունեությունը և բարդ իրավիճակ կստեղծի գրեթե բոլոր երկրների համար, այդ թվում՝ հենց Չինաստանի։
«Նրանք նամակներ են ուղարկել աշխարհի տարբեր երկրներին՝ տեղեկացնելով, որ ցանկանում են արտահանման վերահսկողություն սահմանել գրեթե յուրաքանչյուր տարրի և արտադրության ոլորտի վրա։ Նման բան դեռևս երբեք չի եղել։ Մեր հարաբերությունները Չինաստանի հետ վերջին վեց ամիսներին բավականին լավ էին, ինչը այս քայլը դարձնում է առավել անսպասելի»,- գրել է Թրամփը։
Նա ընդգծել է, որ Չինաստանը փորձում է մենաշնորհային դիրք ստեղծել տարբեր տարրերի, այդ թվում՝ մագնիսների շուկայում։
Թրամփը հայտարարության մեջ նշել է, որ եթե Չինաստանը շարունակի այս «թշնամական ուղեգիծը», ապա ԱՄՆ-ն ստիպված կլինի հակազդել ֆինանսապես։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ներկայում քննարկվում է Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի զանգվածային բարձրացման տարբերակը, ինչպես նաև այլ հակաքայլեր։
Թրամփը նաև նշել է, որ այս իրադարձությունների ֆոնին հնարավոր է չկայանա իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որը նախատեսված էր երկու շաբաթ անց Հարավային Կորեայում՝ Ասիական և Խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի ընթացքում։