5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
10 հոկտեմբեր, 2025
Պետական կառույցներ
Ժամը 10:00-ից «Մերիդիան» էքսպո կենտրոնում (Ոսկերիչների 1) կմեկնարկի տարվա կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունը՝ «ԴիջիԹեք 2025»-ը։ Բացման խոսք՝ ԱՏՁՄ նախագահ, Firebird և Team Group-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայան, ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հես, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին: 10:25-ին՝ տեսանյութ՝ նվիրված DigiTec-ի 20-ամյակին, բացման խոսք՝ PicsArt-ի գլխավոր գործադիր տնօրեն և հիմնադիր Հովհաննես Ավոյան, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյան: 10:40-ին՝ մշակութային պերֆորմանս: «ԴիջիԹեք 2025»-ը առաջին անգամ կանցկացվի անդադար՝ երեք օր, երեք գիշեր ձևաչափով՝ «Գիշեր-ցերեկ ԴիջիԹեք» սկզբունքով։ Ցերեկային ժամերին բիզնես հատվածն է՝ ավանդական ցուցահանդեսով և կոնֆերանսով, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ աննախադեպ մշակութային ծրագիր՝ Տիգրան Համասյանից մինչև Մուրկոֆ։ Խնդրում ենք մոտենալ արարողության մեկնարկից 15 րոպե շուտ։ Կից հղումով կարող եք գտնել ամբողջական օրակարգը՝ https://digitec.am/hy-AM/calendar:
Ժամը 14:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի ասուլիսը։ Թեմա. հեծանիվների ձեռքբերման վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր։
Ժամը 17:00-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում (Արգիշտի փող., 1/1) կբացվի նոր ցուցադրություն՝ «Հիշողություններ խորհրդային Երևանի բնակարանից» խորագրով: Թանգարանն այս անգամ այցելուներին է ներկայանում նոր ցուցադրությամբ, որը համադրում է խորհրդային շրջանի կենցաղային միջավայրը և Երևանի արդյունաբերական ժառանգությունը։ Ցուցադրությունը նվիրվում է Երևան քաղաքի հիմնադրման 2807-ամյակին: + (3741 0) 56 81 85:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 12:00-ին Դիլիջանի «Ռեզորթ» հյուրանոցում տեղի կունենա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) գործունեության 30-ամյակին նվիրված միջոցառում, որի նպատակն է ընդգծել հումանիտար ականազերծման և համայնքային անվտանգության ոլորտում իրականացվող համատեղ ջանքերը։ Միջոցառումը կազմակերպվում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) հետ համագործակցությամբ։ Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով կդիմեն Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀԱՓԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը (ենթակա է հաստատման) և Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Գալստյանը։ Միջոցառման ընթացքում նախատեսվում են նաև ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված Հայաստանում ՄԱԶԾ-ի 30 տարվա ձեռքբերումներին։ +374 91 420122:
Ժամը 12:00-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի VIP սրահում Հոգեկան առողջության համաշխարհային օրը, տեղի կունենա «Պատերազմի հոգեբանական հետեւանքները եւ վերականգնման լուծումներ» թեմայով մասնագիտական քննարկում և հետազոտության արդյունքների ներկայացում։ Հանդիպման բանախոսներն են՝ հոգեբան-փորձագետ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը, «Հայկական հոգևոր վերականգման հիմնադրամի» տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը, «ԱՐԱՐ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը, «Հայկական հոգևոր վերականգման հիմնադրամի» հոգևոր-հոգեբանական ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանը: Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև Սեդա Ղազարյանի անվան «Հոգեկան առողջության հիմնադրամի» վերաթողարկված կայքը։ «ԱՐԱՐ» հիմնադրամ, +374 55 356 386:
Մշակույթ
Ժամը 19:00-ին Հովհաննիսյան ինստիտուտում /Խանջյան 19, 5-րդ հարկ/ կկայանա Լիլիթ Մարտիրոսյանի «Ներսը» աշխատանքի ցուցադրության բացումը։ Արվեստագետն այս աշխատանքով իր ուշադրությունը կենտրոնացրել է մեզ սրտամոտ, հայերի կենցաղում հաճախ օգտագործվող մի նյութի՝ բրդի վրա։ Գզելու, չփխելու, հետը վարվելու կոնկրետ ձևեր ունեցող այս նյութը խիտ ու հագեցած մակերեսների է վերածվում Մարտիրոսյանի գործում, որոնց ներսն է հրավիրում արվեստագետը դիտողին։