Մերձավոր Արևելք

Ռուսաստանը Գազայի հատվածում միջազգային անվտանգության ուժերին միանալու հրավեր չի ստացել․ Լավրով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Գազայի հատվածում միջազգային անվտանգության ուժերին միանալու հրավեր չի ստացել․ Լավրով

Ռուսաստանը հրավեր չի ստացել միանալու Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու համար միջազգային կայունացման ուժերին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 22-րդ տարեկան նիստի շրջանակներում։

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ նա նաև նշել է, որ դեռ չի տեսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ ծրագիրը, սակայն դրա վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել բոլոր կողմերի կարծիքները հայտնելուց հետո:

Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանը կապի մեջ է Մերձավոր Արևելքի հակամարտության բոլոր կողմերի հետ և պատրաստ է անհրաժեշտության դեպքում նպաստել խաղաղ կարգավորմանը։  

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում արաբական և մուսուլմանական երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր Գազայի հատվածում հակամարտության կարգավորման նոր ծրագիր։

Սպիտակ տան կողմից ներկայացված Գազայի հակամարտության կարգավորման ծրագիրը նախատեսում է անկլավում ռազմական գործողությունների լիակատար դադարեցում և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակում 72 ժամվա ընթացքում: Ավելին, Գազայի հատվածն անցումային շրջանում կղեկավարվի տեխնոկրատների կոմիտեի կողմից մինչև պաղեստինյան կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը։ Գազայի հատվածում կտեղակայվեն միջազգային ուժեր և կսկսվեն հումանիտար օգնության մասշտաբային մատակարարումներ։ Բացի այդ, կստեղծվի հատուկ տնտեսական գոտի։ Նշվում է նաև, որ Գազայի հատվածից մարդկանց բռնի տեղահանում չի իրականացվելու։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում