Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

4 րոպեի ընթերցում

Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը հրապարակել է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների զրույցը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի բարեկամներ, բարի երեկո, շատ ուրախ եմ ձեզ տեսնել: Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը և ժամանեցիք միջազգային միջոցառմանը` նվիրված ատոմային ոլորտի զարգացմանը:

Հայաստանում երկար ժամանակ գործում է ատոմային էլեկտրակայանը, ինչպես անձամբ ասացիք ֆորումի ընթացքում, այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը: Ամեն դեպքում դա լուրջ ցուցանիշ է: «Ռոսատոմ»-ն այժմ աշխատում է այդ ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ, դրա համար Ձեր ներկայությունը ֆորումին լիովին տրամաբանական է:

Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք: Մեր վիճակագրական տվյալներով` Հայաստանի հետ 2024 թվականին 11,7 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել, դա ռեկորդային ցուցանիշ է: Հարաբերությունները զարգանում են նաև բոլոր մյուս ուղղություններով: Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել, ամեն դեպքում շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում: Եվս մեկ անգամ բարի գալուստ: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի շնորհակալություն «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումին հրավիրելու համար: Այսօր մենք բազմաթիվ նորություններ իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին, շնորհակալություն դրանցով կիսվելու համար: Իհարկե, ատոմային էներգետիկայի դերը շարունակաբար աճում է և ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա:

Մեր երկրի համար նույնպես ատոմային էներգիան շատ կարևոր է: Դուք ճիշտ նկատեցիք, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության հետ և աշխատում ենք ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու նպատակով: Մենք այժմ աշխատում ենք և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր` փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և իհարկե, այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք ՌԴ-ի հետ: Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք «Ռոսատոմ» կորպորացիայի հետ:

Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները ըստ նախատեսվածի զարգանում են: Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը, ճիշտ է այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-2024 թվականներին: Իհարկե, մեր հարաբերությունների օրակարգը շատ հարուստ է, և իսկապես ունենք քննարկելու բազմաթիվ հարցեր: Շնորհակալություն:

Սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին։

Հայերեն العربية English Español Français ქართული Русский Türkçe 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին