Քաղաքականություն

Վարչապետը հայտնեց, թե ինչու է փոփոխվել ՀՀ պետական սահմանի հատման կնիքի ձևը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հայտնեց, թե ինչու է փոփոխվել ՀՀ պետական սահմանի հատման կնիքի ձևը

ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի փոփոխությունը որևէ կապ չունի Հայաստան-Թուրքիա բանակցությունների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերքելով պնդումը, թե Արարատ լեռան պատկերը հանվում է կնիքներից Անկարայի պահանջով:

«ՀՀ պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի փոփոխման հարցը շրջանառության մեջ է դրվել շատ ամիսներ առաջ, երբ տեսանելի հորիզոնում անգամ տեսական հնարավորություն կամ պայմանավորվածություն չկար Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի Հայաստան այցի մասին։ Ընդհանրապես Հայաստան–Թուրքիա որևէ բանակցության մեջ նման հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել։ Հիմա խոսում են Թուրքիայի հերթական պահանջի կամ սպառնալիքի ներքո որոշում կայացնելու մասին։ Դա իրականությանը չի համապատասխանում», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի անվտանգության ռազմավարության առանցքային սկզբունքը լեգիտիմությունն է։

«Մենք ինքներս պետք է ճանաչենք և ճանաչում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով և սահմաններով։ Սա անում ենք մեր պետության հարատևությունն ապահովելու համար։ Մեր պետությունը պետք է դրվի ճիշտ դիրքի վրա»,- եզրափակեց Փաշինյանը։

Սեպտեմբերի 11-ին կառավարությունը որոշում էր ընդունել պետական սահմանի հատման ժամանակ անձնագրի մեջ դրվող կնիքի ձևի փոփոխության վերաբերյալ։ Ընդդիմադիր որոշ շրջանակներ այն կապել էին Թուրքիայի հնարավոր պահանջների հետ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը, արձագանքելով այդ քննադատություններին, նշել էր, որ աշխարհի շատ երկրներում անձնագրերում կնիք ընդհանրապես չի դրվում, իսկ նոր կնիքների վրա լինելու է միայն սահմանահատման վերաբերյալ տեղեկատվություն՝ առանց որևէ այլ պատկերների, այդ թվում՝ Արարատ լեռան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում