Տնտեսություն

ԱՄՆ-ն մտադիր է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրագործման համար Հայաստանին առաջին մասնաբաժնով տրամադրել 145 միլիոն դոլար աջակցություն

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն մտադիր է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրագործման համար Հայաստանին առաջին մասնաբաժնով տրամադրել 145 միլիոն դոլար աջակցություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի շրջանակներում զարգացնել երկկողմ հարաբերությունները:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կարևորությանը: Այս համատեքստում ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը նշել է. «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում