Սեպտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 սեպտեմբեր,  2025            

Պետական կառույցներ

Ժամը 10:30-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ ՊԵԿ Միջազգային հարկման վարչության ֆինանսական հաշիվների փոխանակման և համապատասխանության բաժնի պետ Աննա Թորոսյանի, Միջազգային հարկման վարչության ֆինանսական հաշիվների փոխանակման և համապատասխանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Նարինե Միկիչյանի, Միջազգային հարկման վարչության ֆինանսական հաշիվների փոխանակման և համապատասխանության բաժնի ավագ հարկային տեսուչ Լիա Ղուկասյանի ասուլիսը։ Թեմա. միասնական հաշվետվողական ստանդարտի ներդրման գործընթացը։  

Ժամը 11:00-ին «ՀայԱրտ» կենտրոնում կմեկնարկի «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային համաժողով, Երևան 2025»-ը, որի խորագիրն է «Տպագրությունից մինչև պիքսել. արվեստ, արհեստական բանականություն և արդյունաբերություն»: Այս տարվա «Գեղարվեստական տպագրության հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ին կներկայացվի երկօրյա միջազգային համաժողովը, որը կբացահայտի արվեստի, տեխնոլոգիայի՝ մասնավորապես արհեստական բանականության, և բիզնեսի խաչմերուկները: «Գեղարվեստական տպագրության հոբելյանական հինգերորդ միջազգային բիենալե, Երևան 2025»-ի և «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային համաժողով, Երևան 2025»-ի գլխավոր գործընկերներն են՝ Երևանի քաղաքապետարանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Ժամը 16:30-17:30-ը Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում (Հանրապետության 37, մուտքը Մելիք-Ադամյան փողոցից, 1-ին հարկ) «Հայրենադարձության շաբաթ»-ի շրջանակներում TEA&TALK ՖՈՐՄԱՏՈՎ կկայանա հայրենադարձների հանդիպումը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:

Ժամը 18:00-21:30-ը Ռանչպար գյուղի ձկնաբուծարանում կկայանա «Հայրենադարձության շաբաթ»-ի փակման միջոցառում եւ ժամանց:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:00-ին Կոնգրես հյուրանոցից լրագրողները կմեկնեն Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, որտեղ ժամը՝ 09:45-ին, Վուդս կենտրոնում (Ջրվեժ գյուղ, Ազատության փող. 2-րդ գիծ) կմեկնարկի Հայաստանի ամենամեծ AI/ML միջոցառումը՝ Դատաֆեստ Երևան միջազգային համաժողովը, որը վեցերորդ տարին անընդմեջ համախմբելու է աշխարհի առաջատար մասնագետներին, հետազոտողներին, ինժեներներին և տեխնոլոգիաներով հետաքրքրված մասնագետներին: Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Կանադայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Հնդկաստանից, Գերմանիայից և այլն։ Լրատվամիջոցներին հնարավորություն կտրվի հարցազրույցներ ունենալ խոսնակների հետ՝ ժամը 10:00-ից սկսած: Լրագրողների համար կգործի անվճար տեղափոխություն դեպի միջոցառման վայր և հետադարձ ուղղությամբ։ «Դատաֆեսթ Երևան» ՀԿ, +374 77 97 00 18:

Ժամը 10:00-ին Մուսա լեռան թանգարանում /Արմավիրի մարզ, Բաղրամյան գյուղ, Ֆրանց Վերֆելի փ. 1 շենք/ կներկայացվի QR կոդերի ինստալացիան, որը թարգմանել են Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոցի աշակերտները՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներով: Ներկա կլինի ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը: 095 407277: 

Ժամը 10:30-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Փարամազ Ավետիսյան շենքի Մանուգեան սրահում (1-ին հարկ, 106e) կկայանա «Ճանապարհ դեպի COP17 նախաձեռնության մեկնարկային միջոցառում» աշխատաժողովը։ Կազմակերպված ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (CBD) հետ համագործակցությամբ։ Միջոցառումը սկիզբ կդնի «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնության պաշտոնական մեկնարկին և կներկայացնի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան (CBD) ու դրա իրականացումը Հայաստանում։

Ժամը 11:00-ին Մանթաշյանց գործարարների ակումբում (Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող., 7/7 շենք) Մանթաշյանց գործարարների ակումբի օրենսդրական նախաձեռնություն՝ գործարարների իրավունքների պաշտպանության համար Մանթաշյանց գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը և LSA ընկերության փաստաբան, ի.գ.թ. Արսեն Սարդարյանը հանդես կգան մամուլի ասուլիսով՝ ներկայացնելու այն օրենսդրական փոփոխության նախագիծը, որը ակումբը ներկայացրել է ՀՀ իրավասու մարմիններին։ Այս փոփոխությունները ուղղված են գործարար միջավայրի բարելավմանը, ներդրողների վստահության բարձրացմանը և Հայաստանում ներդրումային կայունության ապահովմանը։ 055-32-39-03: 

Ժամը 13:30-ին Լոռու մարզում տեղի կունենա «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից կառուցված Դեբեդի միջնակարգ դպրոցի նոր շենքի հանդիսավոր բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Լոռու մարզպետը, ՔՈԱՖ բարերարներ, ՔՈԱՖ հիմնադիր, նախագահ Գարո Արմենը, գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը և համայնքի այլ ներկայացուցիչներ։ Երևան-Լոռի-Երևան տեղափոխումը կապահովի մեր գրասենյակը։ +374 (55) 024025: 

Ժամը 17:00-ին Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում /Գյուլբենկյան 38/ կկայանա ամերիկաբնակ պոլսահայ մտավորական, մեծարժեք ուսումնասիրությունների հեղինակ Գէորգ Յակոբեանի «Հայոց կրթական հաստատութիւններու պատմութիւն՝ Օսմանեան գաւառներու մէջ» երկհատոր աշխատության շնորհանդեսը։ Սույն արժեքավոր ուսումնասիրությունը նվիրված է այժմյան Թուրքիայի պետական սահմաններն ընդգրկող տարածքում նախքան 1915 թ. գործած հայկական վարժարանների պատմությանը։ Շնորհանդեսին հեղինակի աշխատությունը կարժևորեն թուրքագետ, պ.գ. դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը և թուրքագետ, պ.գ. թեկնածու Վերա Սահակյանը։ Միջոցառմանը կմասնակցի նաև այս օրերին Հայաստանում գտնվող գրքի հեղինակը՝ Գէորգ Յակոբեանը։

Մշակույթ

Ժամը 19:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կկայանա հայտնի արվեստագետ և կերպարվեստի դասախոս Նոնա Գաբրիելյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Նոնա Գաբրիելյանը, ով ավելի քան երեք տասնամյակ ապրել և ստեղծագործել է Գերմանիայում, ներկայումս վերադարձել է Հայաստան՝ ստեղծելու նոր աշխատանքներ, որոնք կրում են փիլիսոփայական խորություն և զգայական հուզմունք: Բացման օրը այցելուները կկարողանան հանդիպել հեղինակին։

Հայերեն Русский