Տնտեսություն

Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ կբացի ՀՀ տնտեսության համար. Պապոյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ կբացի ՀՀ տնտեսության համար. Պապոյան

Հայաստանի և Չինաստանի միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ կբացի ինչպես ՀՀ տնտեսության համար ընդհանուր առմամբ, այնպես էլ մասնավոր հատվածի առանձին ներկայացուցիչների համար: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հաստատված ռազմավարական գործընկերության փաստաթղթում մի կարևոր մեծ հատվածը  վերաբերում է տնտեսությանը, առևտրին և ներդրումներին: Կան նաև որոշակի դրույթներ ու ճանապարհային քարտեզ:

«Մասնավորապես, երկու երկրները մտադիր են առևտրի և ներդրումների ոլորտում որոշակիորեն առկա օրենսդրությունն ավելի բարելավել, որ առրևտրաշրջանառությունը, ներդրումային հոսքերը փոխադարձաբար ավելի հեշտ ընթանան: Այդ առումով, բնականաբար, ակնկալում են ավելացնել առևտրաշրջանառությունը աշխարհի երկրորդ խոշոր տնտեսության հետ և, իհարկե, գրավել չինական ներդրումներ, որոնք աշխարհում ամենագրավիչներից են»,–ասաց Պապոյանը՝ հավելելով, որ Չինաստանի տնտեսությունն այս առումով ունի շատ լավ ու մեծ հնարավորություններ:

Նախարարի խոսքով՝ փաստաթղթում նաև կարևոր արձանագրում է այն, որ կողմերը հանձն են առնում համագործակցությունը խորացնել մի շարք ուղղություններում, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում:

«Այս առումով, կարծում եմ, որ հաստատված ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ կբացի ինչպես մեր տնտեսության համար ընդհանուր առմամբ, այնպես էլ, իհարկե, մեր մասնավոր սեկտորի առանձին ներկայացուցիչների համար, որոնք կարող են ոչ միայն ներդրումներ ներգրավել չինական տնտեսությունից, այլ նաև խորացնել մեր առևտրատնտեսական հարաբերությունները: Մասնավորապես, կարող են ինչպես ապրանքներ արտահանել դեպի Չինաստան, այնպես էլ ներմուծել Չինաստանից՝ ավելի պարզեցված, ավելի հեշտացված առևտրային ընթացքակարգերով»,-ասաց նախարարը:

Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին 2023-ի նկատմամբ ավելացել է 1.7 անգամ: Պապոյանը սա լուրջ ցուցանիշ համարեց՝ նկատելով, որ բավականին լավ զարգացումներ են գրանցվել թե՛ արտահանման, թե՛ ներմուծման մասով: 

2024 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 2 մլրդ 280 մլն դոլար: Նախարարը կարծում է, որ այս տարի նույնպես ցուցանիշները կլինեն տպավորիչ:

ՉԺՀ Թիենծին քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հանդիպման արդյունքներով կողմերը հայտարարել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվում է ռազմավարական գործընկերություն: 

 

Կարդացեք հոդվածը` EspañolქართულიРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում