Մշակույթ

Իրանի Շիրազ քաղաքի Պերսեպոլիսում կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգ

3 րոպեի ընթերցում

Իրանի Շիրազ քաղաքի Պերսեպոլիսում կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում, Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում սեպտեմբերի 6-ին տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը։

Ըստ աղբյուրի՝ համերգը նվիրված է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին։ «Աննախադեպ այս իրադարձությանը ներկա կգտնվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Այս բացառիկ համերգը կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Իրանում ՀՀ դեսպանության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության, Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության, ինչպես նաև Ֆարսի նահանգապետարանի սերտ ու արդյունավետ համագործակցության շնորհիվ։

Համերգի մենակատարն է հռչակավոր տենոր Լիպարիտ Ավետիսյանը, որի կատարմամբ կհնչեն Սայաթ-Նովայի «Իմ քամանչա» արիան Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայից, Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» և Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» երգերը։ Կհնչի նաև Ռուհոլլահ Խալեղիի «Ո՜վ Իրան» հայրենասիրական երգը: Երեկոյի գագաթնակետը կլինի Արամ Խաչատրյանի մեծակտավ Սիմֆոնիա թիվ 2-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախորդ այցելությունը Իրանի Իսլամական Հանրապետություն կայացել է 25 տարի առաջ՝ 2000թ-ի փետրվարի 5-26-ը: Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում ներկայացվել է Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» օպերան՝ կոմպոզիտորի ղեկավարությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում