Արաղչին Լավրովին տեղեկացրել է միջուկային ծրագրի շուրջ եվրոպական եռյակի հետ շփումների մասին
2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին տեղեկացրել է «եվրաեռյակի» երկրների իր պաշտոնակիցների հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ շփումների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
«Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Լավրովին մանրամասն տեղեկացրել է իրանական միջուկային ծրագրի շուրջ կարգավորման հարցերի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի պաշտոնակիցների հետ իր հեռախոսազրույցի արդյունքների մասին», - նշել են արտգործնախարարությունում:
Ըստ հաղորդագրության՝ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունն այսուհետ էլ ծանրակշիռ ավանդ ներդնելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման և Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման դիվանագիտական ջանքերում:
«Կայացել է կարծիքների փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հրատապ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Քննարկվել են երկկողմ օրակարգի առաջնահերթ հարցեր…. Կողմերը հայտնել են երկուստեք տրամադրվածությունը՝ շարունակելու վստահելի քաղաքական երկխոսությունը և ամրապնդելու համակարգումը դիվանագիտական ծառայությունների գծով», - հավելել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Կողմերը քննարկել են նաև տարբեր մակարդակներում, առաջին հերթին՝ բարձր մակարդակով առաջիկա շփումների ժամանակացույցը:
Ըստ Tasnim գործակալության՝ Իրանը «եվրաեռյակի» երկրների հետ օգոստոսի 26-ին բանակցություններ կվարի Ժնևում՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։