Միացյալ Նահանգներ

Թրամփը Պուտինի հետ քննարկել է Զելենսկու հետ նրա հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Թրամփը Պուտինի հետ քննարկել է Զելենսկու հետ նրա հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում սկսվել է Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման կազմակերպման քննարկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։

Նա նշել է, որ շատ լավ հանդիպում է ունեցել Ուկրաինայի և եվրոպական ղեկավարների ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, որոնց հետ քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք պետք է տրամադրվեն տարբեր եվրոպական երկրների կողմից՝ ԱՄՆ-ի հետ համակարգմամբ։

«Բոլորը գոհ են Ռուսաստանի և Ուկրաինայի համար խաղաղության հնարավորությունից։ Հանդիպումների ավարտից հետո ես զանգահարեցի նախագահ Պուտինին և սկսեցի նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև հանդիպման նախապատրաստումներ, որի վայրը դեռ պետք է որոշվի», - գրել է Թրամփը։

Նա հավելել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումից հետո կլինի եռակողմ հանդիպում այդ երկու նախագահների և իր մասնակցությամբ։

Օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Երկկողմ հանդիպումից հետո նրանց միացել են եվրոպացի առաջնորդները՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում