Միացյալ Նահանգներ

Թրամփը Պուտինին ներկայացրել է Զելենսկու և ԵՄ ղեկավարների հետ բանակցությունների արդյունքները

2 րոպեի ընթերցում

Թրամփը Պուտինին ներկայացրել է Զելենսկու և ԵՄ ղեկավարների հետ բանակցությունների արդյունքները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինին և ներկայացրել Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի»-ից, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ և տևել է 40 րոպե։

Ուշակովը նշել է, որ զրույցը եղել է անկեղծ և շատ կառուցողական. նախագահները կողմ են արտահայտվել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ շփումների շարունակմանը։ Նրանք պայմանավորվել են քննարկել բանակցություններում Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների մակարդակի բարձրացման հնարավորությունը։

«Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը համաձայնել են շարունակել միմյանց հետ սերտ շփումն ուկրաինական և միջազգային ու երկկողմ օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ», - նշել է Ուշակովը։

Նա հայտնել է, որ Պուտինը կարևորել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման համար Թրամփի կողմից անձամբ ձեռնարկված ջանքերը։

Պուտինը շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկերոջը ձեռք բերված առաջընթացի, ինչպես նաև օգոստոսի 15-ին Ալյասկայում հյուրընկալության և իրենց հանդիպումը լավ կազմակերպելու համար։

Օգոստոսի 18-ին Թրամփը Սպիտակ տանը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Երկկողմ հանդիպումից հետո նրանց միացել են եվրոպացի առաջնորդները՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում