Թրամփը և Զելենսկին «շատ լավ զրույց» են ունեցել. մեկնարկել են եվրոպական առաջնորդների հետ բանակցությունները
3 րոպեի ընթերցում

Սպիտակ տանն ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ, որից հետո մեկնարկել են նրանց բանակցությունները եվրոպացի ղեկավարների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նախքան փակ դռների հետևում հանդիպումը Զելենսկին և Թրամփն Օվալաձև աշխատասենյակում շփվել են լրագրողների հետ։ ԱՄՆ նախագահին հարց են ուղղել որպես խաղաղության համաձայնագրի մաս Ուկրաինային ՆԱՏՕ-ի նման ձևաչափով անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Ըստ Թրամփի՝ դա դեռ չի քննարկվել, բայց «մենք նրանց շատ լավ անվտանգության երաշխիքներ, շատ լավ պաշտպանություն կտանք»։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հետ Ալյասկայում հանդիպմանը զգալի առաջընթաց է գրանցվել։ Թրամփը հավելել է, որ հակամարտությանը վերջ դնելու համար հրադադարի կարիք չկա։
Երկկողմ հանդիպումից հետո Զելենսկին հայտարարել է, որ «շատ լավ զրույց» է ունեցել Թրամփի հետ, և շնորհակալություն է հայտնել նրան հանդիպման համար։
«Մենք ավելի շատ կքննարկենք անվտանգության երաշխիքները։ Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգներն այսպիսի ուժեղ ազդանշան է տալիս և պատրաստ է անվտանգության երաշխիքների», - ասել է Զելենսկին։
Թրամփը հայտարարել է, որ կփորձի եռակողմ հանդիպում կազմակերպել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Նա նշել է, որ Ռուսաստանը համաձայնել է ընդունել անվտանգության երաշխիքները։
Դոնալդ Թրամփը հայտնել է, որ բանակցություններից հետո կզանգահարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման սկզբին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ հարկավոր է դադարեցնել սպանությունները և Ուկրաինայի ենթակառուցվածքի ոչնչացումը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ իրենք Վաշինգտոնում են՝ աշխատելու Ուկրաինայի համար արդար և տևական խաղաղության ուղղությամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շեշտել է եռակողմ հանդիպման անհրաժեշտությունը, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտնել է, որ խոսքը գնում է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի և Միացյալ Թագավորության անվտանգության մասին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շեշտել է, որ հարկավոր է ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ հրադադար ձեռք բերելու համար։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի խոսքով՝ քննարկվելիք կարևոր թեմաներից մեկն անվտանգության երաշխիքներն են, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա։ Իսկ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը վստահություն է հայտնել, որ հնարավոր կլինի լուծում գտնել և հասնել տևական, արդար խաղաղության։
Թրամփի խոսքով՝ մեկ կամ երկու շաբաթից պարզ կլինի՝ արդյոք այս իրավիճակը լուծվելու է թե «այս սարսափելի հակամարտությունը շարունակվելու է»։
Հանդիպման բաց մասի ավարտից հետո կողմերը բանակցությունները շարունակել են փակ դռների հետևում։