Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը․ Զելենսկիի հայտարարությունը Թրամփի հետ հանդիպումից առաջ
2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Միացյալ Նահանգների նախագահ Դոլանդ Թրամփի հետ հանդիպման նպատակով արդեն ժամանել է Վաշինգտոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտնել է Telegram-ում արված գրառման մեջ՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ ղեկավարին հրավերի համար։
«Մենք բոլորս նույն կերպ ցանկանում ենք արագ ու հուսալի կերպով ավարտել պատերազմը։ Եվ խաղաղությունը պետք է շարունակական լինի։ Ոչ թե այնպես, ինչպես տարիներ առաջ էր, երբ Ուկրաինային ստիպեցին հրաժարվել Ղրիմից և Արևելքի՝ Դոնբասի մի մասից, և Պուտինը սա օգտագործեց որպես պլացդարմ նոր հարձակման համար։ Կամ երբ Ուկրաինային 1994 թվականին տվեցին այսպես կոչված «անվտանգության երաշխիքներ», բայց դա չաշխատեց։ Իհարկե, Ղրիմը չպետք է հանձնվեր այն ժամանակ, ինչպես 2022 թվականից հետո ուկրաինացիները չհրաժարվեցին Կիևից, Օդեսայից, Խարկովից։ Ուկրաինացիները պայքարում են իրենց հողի, իրենց անկախության համար»,- գրել է Զելենսկին։
Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները որոշակի հաջողություններ ունեն մարտի դաշտում և համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան պաշտպանելով ու երկրի անվտանգությունը երաշխավորելով՝ ուկրաինացի ժողովուրդը հավերժ երախտապարտ կլինի նախագահ Թրամփին և ԱՄՆ-ին, ինչպես նաև բոլոր մյուս գործընկերներին։
«Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը, որն ինքն է սկսել։ Եվ ես հուսով եմ, որ Ամերիկայի, եվրոպացի ընկերների հետ հետ մեր ընդհանուր ուժը կստիպի Ռուսաստանին գալ իրական խաղաղության»,- եզրափակել է նա։
Օգոստոսի 18-ին Զելենսկին Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ։ Հանդիպմանը մասնակցելու են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։