Քաղաքականություն

Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

2 րոպեի ընթերցում

Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին. ԻԻՀ ԱԳՆ խոսնակ

Իրանը ուշադիր հետևում է իր հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով տեղի ունեցող զարգացումներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Mehr-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 17-ին ռադիոհարցազրույցում նա ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական կարևորությունը Իրանի և տարածաշրջանային այլ պետությունների, մասնավորապես, Ռուսաստանի համար՝ հղում անելով քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական նկատառումներին։

Բաղային ընդգծել է, որ Իրանը ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և ոչինչ չի թերագնահատի կամ նսեմացնի դրանք։

Նրա խոսքով՝ արտաքին միջամտությունը և տարածաշրջանից դուրս ուժերի ներկայությունը տարածաշրջանում միայն կսրեն աշխարհաքաղաքական բարդությունները և չեն ծառայի որևէ կառուցողական նպատակի։

Վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը՝  Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ 12-րդ հոդվածը սահմանում է, որ օտարերկրյա ռազմական ուժեր չեն տեղակայվի նրանց ընդհանուր սահմանների երկայնքով։

«Մենք շատ զգայուն ենք այս հարցի նկատմամբ, քանի որ Հայաստանը նույնպես գիտակցում է օտարերկրյա ուժերի ներկայության հետևանքները», - հավելել է Բաղային։

Նա  նաև հայտնել է Իրանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ և աջակցելու Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը նպաստող ցանկացած նախաձեռնության։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում