Մերձավոր Արևելք

Հորդանանում կայացել է Սիրիայի հարցով եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ

2 րոպեի ընթերցում

Հորդանանում կայացել է Սիրիայի հարցով եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում կայացել է եռակողմ հանդիպում Սիրիայի, ԱՄՆ-ի և Հորդանանի պատվիրակությունների մասնակցությամբ, որի առանցքային թեմաները եղել են Սիրիայում տիրող իրավիճակը և վերակառուցման գործընթացին աջակցելու ուղիները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է X միկրոբլոգում Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանության գրառման մեջ։

Գրառման համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադին, Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շեյբանին, Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բարաքը, ինչպես նաև երեք երկրների այլ ներկայացուցիչներ։

Մասնակիցները հաստատել են, որ Սիրիայի աս-Սուեյդայի նահանգն իր բոլոր համայնքներով Սիրիայի Արաբական Հանրապետության անբաժանելի մասն է կազմում, և որ նահանգի բնակիչների իրավունքները պետք է պաշտպանվեն նոր Սիրիայի վերակառուցման գործընթացում։

Հորդանանը և Միացյալ Նահանգները ողջունել են Սիրիայի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը աս-Սուեյդայում հանցագործությունների և խախտումների բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործընթացում։

Սաֆադին և Բարաքը վերահաստատել են Հորդանանի և Միացյալ Նահանգների լիակատար համերաշխությունը Սիրիայի հետ և իրենց աջակցությունը Սիրիայի անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքացիների բարեկեցությանը:

Կողմերը համաձայնել են առաջիկայում գումարել ևս մեկ հանդիպում՝ քննարկումները շարունակելու նպատակով: Նրանք նաև համաձայնել են արձագանքել Սիրիայի կառավարության խնդրանքին՝ ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ (Սիրիա-Հորդանան-ԱՄՆ)՝ աս-Սուեյդայում հրադադարի ամրապնդման և նահանգում ճգնաժամը լուծելու համար՝ աջակցելով Սիրիայի կառավարության ջանքերին:

Ավելի վաղ՝ 2025 թվականի հուլիսի 19-ին, Ամմանը հյուրընկալել էր ևս մեկ հանդիպում, որի ընթացքում քննարկվել էին աս-Սուեյդայի նահանգում հրադադարի ամրապնդմանը և ճգնաժամի լուծմանն առնչվող հարցեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում