Քաղաքականություն

Պուտինը Փաշինյանին պատմել է Ալյասկայում Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին

2 րոպեի ընթերցում

Պուտինը Փաշինյանին պատմել է Ալյասկայում Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին

Կրեմլի մամուլի ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ 

«Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքները։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է այն քայլերի կարևորությունը, որոնք նպաստում են Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը։ Վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականներին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը՝ ներառյալ տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Վլադիմիր Պուտինը իր հերթին պատմել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆի հետ իր ունեցած զրույցի  հիմնական արդյունքների, ինչպես նաև Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին։ 

Նիկոլ Փաշինյանը ողջունել է քայլերը, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը։ 

Քննարկվել են նաև հայ-ռուսական երկկողմ օրակարգի որոշ ակտուալ հարցեր՝ շեշտադրում անելով ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրա-ներդրումային համագործակցության և փոխգործակցության հետագա զարգացման վրա։ 

Ավելի վաղ Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում