Քաղաքականություն

Թրամփը Սպիտակ տան մոտ դիմավորեց Հայաստանի վարչապետ Փաշինյանին

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան մոտ դիմավորեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես Վաշինգտոնից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի և ԱՄՆ դրոշների դիմաց պաշտոնական ձեռքսեղմումից և լուսանկարահանումից հետո երկու երկրների ղեկավարները մտան Սպիտակ տուն, որտեղ րոպեներ անց կմեկնարկի պատմական Փաշինյան-Թրամփ հանդիպումը։ 

Ակնկալվում է, որ հանդիպումից հետո կողմերը հանդես կգան հայտարարություններով։ 

Վարչապետ Փաշինյանի պատվիրակության կազմում Սպիտակ տուն են ժամանել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։

Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Truth Social հարթակում անդրադարձել էր Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ սպասվող եռակողմ հանդիպմանը՝ այն որակելով պատմական։ 

«Ես անհամբերությամբ սպասում եմ Սպիտակ տանը հյուրընկալելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմական խաղաղության գագաթնաժողովի համար», - գրել էր ԱՄՆ նախագահը։ 

Նա հավելել էր, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմի հետ և նշել, որ օգոստոսի 8-ին վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը Սպիտակ տանը կմիանան իրեն՝ մասնակցելու խաղաղության փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում