Ադրբեջան

Վաշինգտոնում նախատեսվող եռակողմ համաձայնագիրը հզոր ազդանշան կուղարկի ամբողջ տարածաշրջանին․ Reuters

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում նախատեսվող եռակողմ համաձայնագիրը հզոր ազդանշան կուղարկի ամբողջ տարածաշրջանին․ Reuters

Reuters գործակալությունը նոր մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է գործակալությունը, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցությունների և համաձայնագրի ստորագրման արարողության համար Սպիտակ տուն կժամանեն տեղական ժամանակով մոտ 14:30-ին։

Նշվում է, որ համաձայնագիրը ներառում է Հարավային Կովկասով անցնող ռազմավարական տարանցիկ ճանապարհի, որը կոչվում է «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար», զարգացման բացառիկ իրավունքները ԱՄՆ-ի համար։

Ըստ աղբյուրի՝ վերջին օրերին իրենց հետ կապ են հաստատել առնվազն ինը ընկերություններ՝ հնարավոր ներդրումները քննարկելու համար։

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին ասել են, որ այս համաձայնագիրը առաջինն է, որը վերջ է դնում Սառը պատերազմի ավարտից ի վեր առկա մի քանի սառեցված հակամարտություններից մեկին, և որ այն հզոր ազդանշան կուղարկի ամբողջ տարածաշրջանին։

«Խոսքը միայն Հայաստանի մասին չէ։ Խոսքը միայն Ադրբեջանի մասին չէ։ Խոսքն ամբողջ տարածաշրջանի մասին է, և նրանք գիտեն, որ նախագահ Թրամփի հետ տարածաշրջանը կլինի ավելի անվտանգ և բարգավաճ», - ասել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Ավելի վաղ՝ Reuters գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, գրել էր, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ ճանապարհի զարգացման բացառիկ իրավունքներ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ այդ ճանապարհը կկառավարվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում