Քաղաքականություն

Նազելի Բաղդասարյանը հերքել է պնդումները, թե Հայաստանը համաձայնվել է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների

2 րոպեի ընթերցում

Նազելի Բաղդասարյանը հերքել է պնդումները, թե Հայաստանը համաձայնվել է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, իրականությանը չեն համապատասխանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նազելի Բաղդասարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում։

Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ և առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16-ի իր ասուլիսում։ 

Որևէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»,- գրել է Բաղդասարյանը։

Ավելի վաղ Վաշինգտոնում գործող լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, որն առաջինն էր հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպման մասին, X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ  տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում միջանցքային տրամաբանությունը դուրս է եկել, իսկ եռակողմ հանդիպման ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է  տարանցման և զարգացման նոր պլանի վրա, որը կոչվելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity) և հայտնի կլինի TRIPP հապավմամբ։

«Միջանցք այլևս չկա։ Գագաթնաժողովի ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագրի վրա»,- գրել է Ռաուֆօղլուն՝ շեշտելով, որ ԱՄՆ պաշտոնյաները իրեն ասել են, որ պահպանվելու է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում