Ավարտվել է Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական վարույթի նախաքննությունը
1 րոպեի ընթերցում

Ավարտվել է Ռուբեն Հակոբյանի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: