Քաղաքականություն

Հայտնի է Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպման ժամը, ինչ է սպասվում Վաշինգտոնում. բաց աղբյուրների վերլուծություն

14 րոպեի ընթերցում

Հայտնի է Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպման ժամը, ինչ է սպասվում Վաշինգտոնում. բաց աղբյուրների վերլուծություն

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Մինչ այդ ԱՄՆ նախագահն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ 

«Լուրեր»-ի թղթակիցը Վաշինգտոնից հայտնել է, որ  Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին) տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում առկա տեղեկատվությունից էլ պարզ է դառնում, որ Հայաստանի վարչապետի, ԱՄՆ-ի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 8-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 16։15-ին (Երևանի ժամանակով ժամը 00։15-ին)։ Այդ հանդիպմանը մասնակցելու է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։  

Հանդիպումների օրակարգի վերաբերյալ պաշտոնական լրահոսը մինչ այս պահը շատ սուղ է։ Հայաստանի  կառավարությունը միայն հայտնել է, որ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ օգոստոսի 8-ի առավոտյան Truth Social-ի իր էջում գրառում է արել սպասվող հանդիպումների վերաբերյալ։

Թրամփը մասնավորապես գրել է.

«Ես անհամբերությամբ սպասում եմ վաղը (խմբ.՝ օգոստոսի 8-ին) Սպիտակ տանը հյուրընկալելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատմական խաղաղության գագաթնաժողովի համար։ Այս երկու ազգերը տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմն՝ առանց հաջողության հասնելու, մինչև այս պահը՝ շնորհիվ Թրամփի»:

Թրամփը  հավելել է, որ ԱՄՆ ներկայիս վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմի հետ և հավելել, որ օգոստոսի 8-ին վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը Սպիտակ տանը կմիանան իրեն՝ մասնակցելու խաղաղության փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությանը։ 

Նախագահ Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները նաև երկկողմ համաձայնագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ «միասին հետամուտ լինելու տնտեսական հնարավորությունների, որպեսզի մենք կարողանանք լիովին բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»։ 

«Ես շատ հպարտ եմ այս քաջ առաջնորդներով, որ ճիշտ քայլի են գնում Հայաստանի և Ադրբեջանի հզոր ժողովուրդների համար։ Սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և աշխարհի համար», - եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը։

Բաց աղբյուրներում, սակայն, եղել են որոշ հրապարակումներ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների օրակարգի վերաբերյալ, որոնք հիմնականում նույն բովանդակությունն ունեն՝ չհաշված որոշ նրբություններ։  

Օգոստոսի 7-ին վաշինգտոնյան օրակարգի վերաբերյալ հրապարակում էր արել Reuters գործակալությունը` վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։ Ըստ գործակալության հրապարակման՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպման ընթացքում կստորագրվի խաղաղության շուրջ շրջանակային փաստաթուղթ, որով ԱՄՆ-ն կստանա Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ այդ ճանապարհը կկառավարվի Հայաստանի օրենսդրության շրջանակներում։ 

Պաշտոնյաները, որոնց անունները չեն նշվում, գործակալությանը հայտնել են, որ փաստաթղթով Հայաստանը նախատեսում է Միացյալ Նահանգներին տրամադրել բացառիկ հատուկ զարգացման երկարաժամկետ իրավունքներ տարանցիկ միջանցքի նկատմամբ, որը կկոչվի «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity) և հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ 

Երթուղին, ըստ պաշտոնյաների, կգործարկվի Հայաստանի օրենսդրության համաձայն, իսկ Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի որևէ կոնսորցիումի՝ ենթակառուցվածքների և կառավարման համար։

Պաշտոնյաներից մեկը նշել է, որ առևտրային միջոցներով այս քայլը կբացի տարածաշրջանը և կկանխի հետագա ռազմական գործողությունները։

Հանդիպումների վերաբերյալ մանրամասներ է հրապարակել նաև Վաշինգտոնում գործող լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։ 

Ռաուֆօղլուն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ եռակողմ հանդիպմանն ընդառաջ զրուցել է ԱՄՆ մի խումբ պաշտոնյաների հետ, որոնք էլ հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ են հայտնել։ 

Նա նշում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում միջանցքային տրամաբանությունը դուրս է եկել, հանդիպման ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է  տարանցման և զարգացման նոր պլանի վրա, որը կոչվելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity) և հայտնի կլինի TRIPP հապավմամբ։ 

«Միջանցք այլևս չկա։ Գագաթնաժողովի ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագրի վրա»,- գրել է Ռաուֆօղլուն՝ շեշտելով, որ ԱՄՆ պաշտոնյաները իրեն ասել են, որ պահպանվելու է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։

KyivPost-ում հրապարակված հոդվածում Ռաուֆօղլուն այլ մանրամասներ ևս հայտնել էր։ 

Մասնավորապես նա նշել էր, որ TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ: Նրա խոսքով՝ ԱՄՆ պաշտոնյաները հստակ նշել են, որ ԱՄՆ-ն չի տրամադրում «անվտանգության խիստ երաշխիք» կամ ուժեր չի տեղակայում երթուղում: Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար՝ բարձրակարգ օպերատորների հետ համաձայնագրերի միջոցով: 

Ալեքս Ռաուֆօղլուն գրել է նաև, որ օգոստոսի 8-ին կայանալիք հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կստորագրեն մի շարք կարևոր փաստաթղթեր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ 

Ըստ նրա՝ հանդիպման արդյունքներով ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ստորագրելու են համատեղ հռչակագիր՝ ձևակերպելով խաղաղության հասնելու և հարաբերությունների լիարժեք կարգավորման հստակ ուղին, որն ԱՄՆ պաշտոնյաները բնութագրել են որպես «հնարավորինս անշրջելի»։ 

Ռաուֆօղլուն նաև գրել էր, որ հանդիպման արդյունքներով նախաստորագրվելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստը։ 

Ըստ նրա՝ ստորագրվելու է նաև համատեղ նամակ, որով կողմերը կհայտարարեն ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու մասին։ 

Ալեքս Ռաուֆօղլուն հայտնել էր նաև, որ ԱՄՆ-ն առանձին փոխըմբռնման հուշագրեր կստորագրի Հայաստանի ու Ադրբեջանի հետ։ 

Ավելի ուշ հանդիպումների օրակարգի վերաբերյալ մանրամասներ էր հրապարակել նաև Factor TV-ն։  

Ըստ այդ հրապարակման՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպմանը ստորագրվելու է 3 փաստաթուղթ։ 

Համաձայն Factor TV-ի աղբյուրների՝ առաջին փաստաթուղթը ստորագրելու են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որով Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբից համատեղ դուրս գալու մասին։ 

Երկրորդ փաստաթուղթը ստորագրելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը լինելու է «Թրամփի երթուղի՝ ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» ծրագրի շուրջ, որը հակիրճ անվանվում է TRIPP հապավմամբ։ 

Նշվում է, որ փաստաթղթում չի կիրառվելու «միջանցք» բառը, փոխարենն օգտագործվելու է «ճանապարհ» տերմինը։ Երկրորդ փաստաթղթով Հայաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվում են ստեղծել «ՀՀ-ԱՄՆ համատեղ ձեռնարկություն»՝ իբրև իրավահավասար գործընկերներ։ 

«Եթե նախկինում խոսք է եղել ԱՄՆ-ի կողմից Սյունիքի ճանապարհի հնարավոր վարձակալության մասին, ապա այդ տարբերակը դուրս է եկել քննարկումներից, և հայ-ամերիկյան փաստաթուղթը նախատեսում է ամբողջությամբ ուրիշ կարգավորումներ։ Պահպանվելու են Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունը ճանապարհի նկատմամբ, ինչպես նաև անձեռնմխելի է մնալու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն ու ԱՄՆ-ն ստեղծում են համատեղ ձեռնարկություն, որը գրանցվելու է Հայաստանում և հիմնադրվելու է համաձայն Հայաստանի օրենսդրության, գործելու է հայկական օրենսդրության շրջանակներում։ Ըստ էության՝ ԱՄՆ-ն ֆինանսական ներդրումներ է կատարելու Հայաստանի ենթակառուցվածքների ստեղծման հարցում։ Հայաստանը և ԱՄՆ-ն համատեղ կառավարելու են այդ կոնսորցիումը։ ԱՄՆ-ն՝ որպես հայ-ամերիկյան կոնսորցիումի մասնակից կողմ՝ իրավունք կունենա կոմունիկացիոն ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները պատվիրակել շինարարական կազմակերպությունների։ Այդ աշխատանքներին կկարողանան մասնակցել ինչպես ամերիկյան, այնպես էլ հայաստանյան ընկերություններ։ Մեր տեղեկություններով՝ խոսքը երկաթուղային, ավտոմոբիլային ենթակառուցվածքների ստեղծման մասին է։ Ֆինանսական ներդրումները կատարելու է ԱՄՆ-ն։ Այսինքն, ԱՄՆ-ն հանդես է գալիս է որպես պրոցեսի մասնակից և ոչ՝ միանձնյա սեփականատեր, և ֆինանսական մեծ ներդրումներ է կատարելու կոմունիկացիոն ենթակառուցվածքների ստեղծման նպատակով։ Ենթակառուցվածքները ոչ թե միանձնյա ստեղծելու և կառավարելու է ԱՄՆ-ն՝ ինչպես ենթադրվում էր նախկինում, այլ ԱՄՆ-ի և Հայաստանի ստեղծած կոնսորցիումը ձեռնարկվելիք շինաշխատանքները պատվիրակելու է շինարարական կազմակերպությունների (հայկական և ամերիկյան)։ Աշխատանքները ևս իրականացվելու են համաձայն Հայաստանի օրենսդրության։ Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից ստեղծվելիք կոնսորցիումը, որը կառավարվելու է երկու երկրների կողմից հավասարության սկզբունքով, իրավունք կունենա ենթակառուցվածքներ կառուցել։ Դա չի ենթադրի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքների օտարում Հայաստան պետության կողմից ԱՄՆ-ին։ Փոխարենը հայ-ամերիկյան բիզնես-կոնսորցիումն իրավունք կունենա այդ նպատակով տարածք վարձակալել և շինաշխատանքներ իրականացնել։ Դա կնշանակի, որ Հայաստանի պետական կառույցները կունենան հասանելիություն կառուցվելիք ենթակառուցվածքների նկատմամբ, ավելին՝ այդ ենթակառուցվածքները կստեղծվեն և կկառավարվեն հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիումի կողմից։ ԱՄՆ-ն այս ենթակառուցվածքների վրա չի տեղակայելու զորքեր կամ ուժայիններ, սակայն ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրելու, որ ճանապարհը ապահով լինի կոմերցիոն տեղաշարժերի համար։ Ենթադրաբար՝ ՀՀ-ԱՄՆ կոնսորցիումը հանձնարարելու է կազմակերպության՝ տեխնիկական միջոցներով ճանապարհը կառավարել։ Հայաստանի պետական կառույցները իրավունք կունենան այս տարածքում ցանկացած աշխատանք կատարել, քանի որ ճանապարհը շարունակելու է գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։ Օրինակ, եթե ճանապարհի վրա հանցագործություն տեղի ունենա, Հայաստանի պետական կառույցները մուտք կունենան ճանապարհի վրա և համապատասխան իրավական գործառույթներ կկատարեն, ինչպես ՀՀ-ի այլ տարածքներում։ Հայաստանի օրենքներն ամբողջությամբ տարածվելու են ճանապարհի վրա, և որևէ պարագայում՝ ՀՀ օրենսդրությունը չի կարող շրջանցվել։ Կոնսորցիումի աշխատանքի մանրամասները կշարադրվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքվելիք պայմանագրով»,- գրում է Factor TV-ն։ 

Ստորագրվելիք երրորդ փաստաթուղթը չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության բուն համաձայնագիրը։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրելու են շրջանակային համաձայնագիր, որով արձանագրելու են, որ երկու երկրները շարունակելու են աշխատանքներ տանել խաղաղության հասնելու նպատակով։ Երրորդ փաստաթղթով Ադրբեջանն ու Հայաստանը պարտավորություն կստանձնեն, որ ստորագրումից հետո որևէ կողմ չի կարողանա հրաժարվել արդեն իսկ համաձայնեցված Խաղաղության համաձայնագրի 17 հոդվածներից։ Դրանք կհամարվեն վերջնականապես համաձայնեցված և հետագայում փոփոխության կամ հրաժարման ենթակա չեն լինի։ 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում