Միացյալ Նահանգներ

Թրամփը կարող է շուտով հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ

3 րոպեի ընթերցում

Թրամփը կարող է շուտով հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շուտով հանդիպելու լավ հեռանկարներ կան։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվա կատարած այցով մեծ առաջընթաց չի գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

«Մենք այսօր (խմբ.՝ օգոստոսի 6-ին) շատ լավ զրույց ունեցանք նախագահ Պուտինի հետ, բայց շատ լավ հնարավորություն կա, որ ավարտը մոտ է.... Ճանապարհը շատ երկար էր և շարունակում է երկար մնալ, բայց լավ հնարավորություն կա, որ շատ շուտով հանդիպում կլինի», - ասել է նաև Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։

Թրամփը նաև նշել է, որ Կրեմլում Ուիթքոֆի հանդիպումից հետո մեծ առաջընթաց չի գրանցվել։ Նա հրաժարվել է ռուս-ուկրաինական հակամարտության լուծման շուրջ համաձայնության հասնելու հնարավոր ժամկետների մասին խոսել՝ նշելով, որ նախկինում այդ հարցով հիասթափվել է։

Ավելի վաղ Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից հետո Թրամփը եվրոպական առաջնորդների հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ ցանկանում է շուտով, հնարավոր է նույնիսկ՝ հաջորդ շաբաթ, հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո եռակողմ բանակցություններ կլինեն Ռուսաստանի նախագահի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Եվրոպական կառավարություններից մեկի աղբյուրը CNN-ին հաստատել է, որ նման թեմա է շոշափվել։ 

Սպիտակ տան երկու պաշտոնյա էլ CNN-ին հայտնել են, որ Պուտինը Ուիթքոֆի հետ հանդիպմանն առաջարկել է Թրամփի հետ հանդիպում ունենալ։ Ըստ Սպիտակ տան՝ հանդիպման վայրը դեռ որոշված չէ, քննարկվում է մի քանի տարբերակ։

«Ռուսները ցանկություն են հայտնել հանդիպել նախագահ Թրամփի հետ, և նախագահը պատրաստ է հանդիպել և՛ նախագահ Պուտինի, և՛ նախագահ Զելենսկու հետ։ Նախագահ Թրամփը ցանկանում է, որ այս դաժան պատերազմն ավարտվի», - հայտարարության մեջ ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը տևել է 3 ժամ։ Կողմերի քննարկման հիմնական թեման եղել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Ավելի վաղ Թրամփն այդ հանդիպմանն անդրադարձել էր իր Truth Social հարթակում՝ այն համարելով արդյունավետ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում