Քաղաքականություն

Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

2 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերին

Հայաստանի վարչապետի աշխատակազմն այս պահին չի կարող ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Վարչապետ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվությունը այս պահին չենք կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել»,-նշել են աշխատակազմից։ 

Նշվում է, որ նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, եւ տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։ 

«Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որեւէ հաղորդագրություն չենք հրապարակել եւ հետեւաբար այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո»,-եզրափակեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից: 

Ավելի վաղ, համացանցում տեղեկություններ էին շրջանառվում, որ այս շաբաթվա ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպում ունենալ Վաշինգտոնում։ Ըստ այս տեղեկությունների՝ երկու երկրների ղեկավարներին ընդունելու է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում