Եվրոպա

Իտալիայի վարչապետը պարզաբանումներ է խնդրում ԱՄՆ-ի և ԵՄ-ի առևտրային համաձայնագրի մանրամասների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Իտալիայի վարչապետը պարզաբանումներ է խնդրում ԱՄՆ-ի և ԵՄ-ի առևտրային համաձայնագրի մանրամասների վերաբերյալ

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ողջունում է ԱՄՆ-ի և Եվրամիության միջև կնքված առևտրային համաձայնագիրը, սակայն խնդրում է ավելի շատ պարզաբանումներ ներկայացնել վերջնական պայմանավորվածությունների վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ես դրականորեն եմ ընդունել համաձայնագրի կնքման փաստը, միշտ մտածել եմ, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առևտրային պատերազմը կարող է հանգեցնել անկանխատեսելի, հնարավոր կործանարար հետևանքների…. Սակայն անհրաժեշտ է խորամուխ լինել մանրամասների մեջ, անհրաժեշտ է պարզաբանել, թե հատկապես որ ապրանքների համար են բացառություններ արվում….  Ես հստակ տվյալներ չունեմ», - հայտնել է նա լրագրողներին։

Իտալիան ԱՄՆ խոշորագույն եվրոպական արտահանողներից մեկն է, նրա առևտրային հավելուրդը կազմում է ավելի քան 40 մլրդ եվրո։

Հուլիսի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Շոտլանդիայում առևտրային համաձայնագիր են կնքել, որի արդյունքում սահմանվել են 15% մաքսատուրքեր ԱՄՆ արտահանվող ապրանքների մեծ մասի, այդ թվում՝ ավտոմեքենաների համար։ Պողպատի և ալյումինի համար մաքսատուրքերը կմնան նույնը՝ 50%։

Թրամփը հայտնել է, որ ԵՄ-ն համաձայնել է գնել 750 միլիարդ դոլարի էներգակիրներ, ԱՄՆ-ում լրացուցիչ 600 միլիարդ դոլար ներդնել, բացել երկրների շուկաները ԱՄՆ-ի հետ զրոյական սակագնով առևտրի համար և գնել բազմաթիվ միավոր ռազմական տեխնիկա։

Համաձայնագիրը ձեռք է բերվել Թրամփի կողմից նշանակված օգոստոսի 1-ի վերջնաժամկետից կարճ ժամանակ առաջ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում