Երթուղիների ստեղծումը թեկուզ մեկ միլիմետրով չպետք է խախտի որևէ երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. Բաղայի
1 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասի տրանսպորտային երթուղիների և միջանցքների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել: Իրանն աջակցում է տարածաշրջանի երկրների միջև փոխանակումների և կապերի ընդլայնմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
«Մենք հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը այս հատվածում կապերի և հաղորդակցության հարցերի վերաբերյալ։ Մենք աջակցում ենք տարածաշրջանի երկրների միջև փոխգործակցության ընդլայնմանը, բայց միշտ ընդգծել ենք, որ այդ գործողությունները, այդ երթուղիների ստեղծումը թեկուզ մեկ միլիմետրով չպետք է խախտեն որևէ երկրի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները կամ հանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության։ Որոշ դեպքերում կովկասյան տարածաշրջանի այլ երկրների պաշտոնյաների հայտարարությունները, գուցե, սխալ են մեկնաբանվում։ Մեր դիրքորոշումը հստակ է, և մենք այն բազմիցս հնչեցրել ենք», - մեջբերում են իրանական ԶԼՄ-ները Բաղայիի խոսքերը: