Մարզեր

Ֆրանսահայ բարերար Պետրոս Թերզյանին շնորհվել է «Սևան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում

4 րոպեի ընթերցում

Ֆրանսահայ բարերար Պետրոս Թերզյանին շնորհվել է «Սևան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում

 Ֆրանսահայ բարերար Պետրոս Թերզյանին Սևան համայնքի ավագանու որոշմամբ շնորհվել է «Սևան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ֆրանսահայ բարերար Պետրոս Թերզյանն այդ պատվին արժանացել է Սևանի երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման ծրագրում իր բաժին ներդրումն ունենալու համար։ 

Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման ծրագիրը իրողություն է դարձել երկու տարի առաջ՝ Սևան համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի արդյունավետ համագործակցության շնորհիվ:

Երաժշտական դպրոցի երկհարկանի շենքի կառուցման համար ծախսվել է ավելի քան 344 միլիոն  դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է ՀՀ կառավարությունը:

Երաժշտական դպրոցից կարող է օգտվել մոտ 230 աշակերտ։ Այն ապահովված է ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման, հակահրդեհային օդափոխության, գազամատակարարման, էլեկտրամատակարարման ժամանակակից համակարգերով։

Դպրոցն ունի 102 տեղանոց համերգասրահ, 23 դասասենյակ։ Իրականացվել են նաև տարածքի ցանկապատման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ, վարչապետի հանձնարարականով որպես առաջնահերթություն ասֆալտապատվել ու բարեկարգվել է դպրոց տանող ճանապարհը։

«Սևան համայնքը գնահատում է այն կառույցներին, կազմակերպություններին, անհատներին ու բարերարներին, որոնք երազանքը դարձրին ծրագիր, իսկ ծրագիրը՝ կոնկրետ ու առարկայական գործ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ֆրանսահայ բարերար Պետրոս Թերզյանը կանգնեց այս ձեռնարկի կողքին, դարձավ երաժշտական դպրոցի կառուցման աջակիցն ու գլխավոր հովանավորը: Սևան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 19-ի  որոշմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ֆրանսահայ բարերար Պետրոս Թերզյանին շնորհվել է «Սևան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում, որի վկայականը Պետրոս Թերզյանին հանձնեց Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը»,-նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։ 

Պետրոս Թերզյանն անչափ զգացված է եղել նման  ուշադրությունից, որ ցուցաբերվել էր իր նկատմամբ: Նա միաժամանակ նշել է, որ այս կոչումը պարտավորեցնող է ու անչափ պատասխանատաու, ինքը միշտ կանգնած է լինելու Սևան համայնքի կողքին և ունի մեծ երազանք՝ Սևանի երաժշտական դպրոցի սաներին տեսնել Փարիզի երաժշտական բեմերում:

Օրվա հաճելի պահերից է եղել նաև ֆրանսահայ մեկ այլ բարերարի՝ Էդուարդ Մանուկյանի անունով երաժշտական դպրոցի համերգասրահը կոչելու արարողակարգը և հանդիսավորության բացումը, որին ներկա են եղել Էդուարդ Մանուկյանի հարազատները:

Սևանի երաժշտական դպրոցի բացման տոնական օրը շարունակվել է համերգային բազմաժանր ծրագրով՝  երաժշտական դպրոցի նախկին ու ներկա սաների, դասատուների հեղինակությամբ: 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում