Ռուսաստան

Լավրովը հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ

2 րոպեի ընթերցում

Լավրովը հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թիենծինում հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, կողմերը քննարկել են Մոսկվայի և Պեկինի հարաբերությունների զարգացումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ 

Հուլիսի 15-ին Թիենծինում անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Չինաստանի ղեկավարը զրուցել է միջոցառմանը մասնակցող բոլոր նախարարների հետ։ Ավելի ուշ նա առանձին բանակցություններ է վարել Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության հետ։ Լավրովը Սի Ծինփինին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը։

ՉԺՀ-ի նախագահը Մոսկվային և Պեկինին կոչ է արել շարունակել իրականացնել ձեռք բերված համաձայնագրերի կատարումը,  պաշտպանել երկու երկրի անվտանգությունը և զարգացման շահերը, ամրապնդել փոխադարձ աջակցությունը և համագործակցությունը բազմակողմ հարթակներում, ինչպիսին է ՇՀԿ-ն։

Բացի այդ, Սերգեյ Լավրովը և Սի Ծինփինը քննարկել են Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստումը՝ ՇՀԿ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը հիմնվել է 2001 թվականին։ Նրա կազմի մեջ են մտնում Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը, Ուզբեկստանը և Բելառուսը։ Դիտորդ երկրներն են Աֆղանստանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Կամբոջան, Նեպալը, ԱՄԷ-ն և Շրի Լանկան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում