Ռուսաստան

Ռուսաստանը հասկանում է ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի իրականացման պատճառները․ Լավրով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հասկանում է ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի իրականացման պատճառները․ Լավրով

Ռուսաստանը հասկանում է այն պատճառները, թե ինչու է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ղեկավարությունն այսօր իրականացնում իր միջուկային ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավովի խոսքերը։ 

«Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության ղեկավարությունը համապատասխան եզրակացություններն արել է դեռևս Իսրայելի ու ԱՄՆ-ի կողմից Իրանի Իսլամական Հանրապետությանը հարվածներ հասցնելուց շատ առաջ, և հենց այն պատճառով, որ այդ եզրակացությունները ժամանակին են արվել, ոչ ոք նույնիսկ չի մտածում ԿԺԴՀ-ի դեմ ուժ կիրառելու մասին՝ չնայած ԿԺԴՀ-ի շուրջ ռազմական շինարարություն է ընթանում ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի մասնակցությամբ։ Մենք զգուշացնում ենք չչարաշահել այս հարաբերությունները՝ դրանք որևէ մեկի, այդ թվում՝ ԿԺԴՀ-ի և Ռուսաստանի դեմ կառուցելու համար»,- ասել է Լավրովը ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Չոյ Սոն Հիի հետ բանակցություններից հետո։  

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ ԿԺԴՀ-ի կողմից օգտագործվող տեխնոլոգիաները Փհենյանի գիտնականների աշխատանքի արդյունք են։  

«Մենք հարգում ենք նրանց գործողությունները, մենք հասկանում ենք այն պատճառները, թե ինչու են նրանք իրականացնում իրենց միջուկային ծրագիրը»,- հավելել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ 

Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանն ու ԿԺԴՀ-ն պլանավորում են վերականգնել ծովային կապը։  

«Մենք շարժվում ենք մեր տարածաշրջաններում համագործակցության առաջխաղացման ուղղությամբ։ Վերականգնվել է օդային երթևեկությունը Մոսկվայի, Խաբարովսկի և Փհենյանի միջև։ Կան նաև ծովային կապը վերականգնելու ծրագրեր։ Այս ամենը կզարգացնի մարդկանց միջև շփումները»,-ասել է Սերգեյ Լավրովը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում