Միացյալ Նահանգներ

Ռուբիոն հայտարարել է, որ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման «մեծ հավանականություն» կա

2 րոպեի ընթերցում

Ռուբիոն հայտարարել է, որ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման «մեծ հավանականություն» կա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ցանկանում են անձամբ հանդիպել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կուալա Լումպուրում Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Լրագրողների հետ նրա զրույցի տեսանյութը տարածել է CNBC-ն։ 

«Կարծում եմ՝ հանդիպման հավանականությունը մեծ է։ Կարծում եմ՝ երկու կողմերն էլ մեծ ցանկություն ունեն դա անելու։ Ակնհայտորեն, մենք պետք է ճիշտ մթնոլորտ ստեղծենք, սահմանենք ճիշտ արդյունքները, որպեսզի այցը չլինի պարզապես այց, այլ ունենա կոնկրետ արգասիքներ»,- նշել է Ռուբիոն։

Նա կրկնել է՝ երկու կողմն էլ դա անելու մեծ ցանկություն ունեն, ԱՄՆ նախագահը՝ նույնպես։ Այդ մասին, ըստ Ռուբիոյի, հրապարակային կերպով հայտարարել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Ես հստակ ամսաթիվ չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ դա մոտ է, դա տեղի կունենա», - ասել է Թրամփը։ 

Ռուբիոն նաև դրական է գնահատել ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային ներկայացուցիչների միջև հունիսին Լոնդոնում տեղի ունեցած վերջին շփումը, որի ընթացքում կողմերը փոխադարձաբար նվազեցրին միմյանց նկատմամբ սահմանված մաքսատուրքերը։ 

Վան Իի հետ հանդիպումը Ռուբիոն գնահատել է «շատ կառուցողական և դրական»՝ նշելով, որ դա կամրապնդի երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում