Ձերբակալվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի ձերբակալման մասին:
«2020 թվականի նոյեմբերի 10-ին Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաև Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձի ինքնությունը։
Քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Նշված 7 անձինք ձերբակալվել են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը ընտրելու վերաբերյալ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: