Իրավունք

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է  ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ իրականացնելով միակողմանի և կանխորոշված ելքով քննություն։ Ավելին, դատավորները մերժել են Ռուբեն Վարդանյանին տրամադրել լիարժեք հասանելիություն գործի նյութերին՝ միաժամանակ գործին կցելով կեղծված փաստաթղթեր։

Խախտվել են նաև ընդդատության երաշխիքները․ գործը փոխանցվել է ռազմական տրիբունալին, չնայած այն հանգամանքին, որ Ռուբեն Վարդանյանը քաղաքացիական անձ է և երբևէ որևէ առնչություն չի ունեցել իրավապահ կամ անվտանգային կառույցների հետ։ 

«Արդյունքում ստեղծվել է հիմնովին անարդար դատավարական իրավիճակ, որտեղ պաշտպանվող կողմը զրկված է մեղադրանքները վիճարկելու կամ իր անմեղությունն ապացուցելու իրատեսական որևէ հնարավորությունից։ Նման պայմաններում արդար դատաքննության հասկացությունն ինքնին վերածվում է ձևականության՝ զուրկ որևէ բովանդակությունից», -ընդգծել է Սահակյանը՝ կոչ անելով միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և համաշխարհային առաջնորդներին անհապաղ ուշադրություն դարձնել այս գործին և ճնշում գործադրել Ադրբեջանի Հանրապետության վրա, որպեսզի այն կատարի միջազգային իր պարտավորությունները, մասնավորապես՝ ապահովի արդար դատաքննության իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և միջազգային համապատասխան այլ փաստաթղթերով։

Սիրանուշ Սահակյանի՝ ՄԻԵԴ-ում ներկայացրած պարզաբանումներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Free Armenian Prisoners կայքում:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում