Միացյալ Նահանգներ

Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի խնդրի կարգավորումը, իրավիճակն Իրանում և Սիրիայում

2 րոպեի ընթերցում

Լավրովը և Ռուբիոն քննարկել են Ուկրաինայի խնդրի կարգավորումը, իրավիճակն Իրանում և Սիրիայում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանգամանորեն քննարկել են ուկրաինական խնդրի կարգավորումը, ինչպես նաև Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ ամփոփելով Կուալա Լումպուրում նրանց հանդիպման արդյունքները:

Ըստ հաղորդագրության՝ զարգացնելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների, այդ թվում՝ հուլիսի 3-ին նրանց վերջին հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները՝ Լավրովը և Ռուբիոն «հանգամանորեն քննարկել են երկկողմ օրակարգի և աշխարհում ստեղծված իրադրության հարցերի ամբողջ սպեկտրի շուրջ դիրքորոշումները»: 

«Կայացել է կարծիքների առարկայական և անկեղծ փոխանակում Ուկրաինայի շուրջ կարգավորման, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրադրության, ինչպես նաև մի շարք այլ միջազգային խնդիրների վերաբերյալ», - նշել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում:

«Հաստատվել է կոնֆլիկտային իրադրությունների խաղաղ լուծումների, ռուս-ամերիկյան տնտեսական և հումանիտար  համագործակցության, երկու երկրների հասարակությունների միջև անարգել շփումների վերականգնման երկուստեք տրամադրվածությունը, ինչին, մասնավորապես, կարող է նպաստել ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը։ Ընդգծվել է երկկողմ դիվանագիտական ​​ներկայացուցչությունների գործունեության կարգավորմանն ուղղված հետագա աշխատանքի կարևորությունը», - ասել են Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունում։ 

Նախարարությունում նաև հավելել են, որ «կշարունակվի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ընդլայնվող շրջանակի շուրջ»:

Լավրով-Ռուբիո հանդիպումը տեղի է ունեցել Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում: Բանակցությունները տևել են 50 րոպե: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում