Իրավունք

Առգրավվել են մարտական նռնակ, էլեկտրական անդրապայթիչներ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել հուլիսի 10-ին իրականացրած խուզարկությունից

3 րոպեի ընթերցում

Առգրավվել են մարտական նռնակ, էլեկտրական անդրապայթիչներ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել հուլիսի 10-ին իրականացրած խուզարկությունից

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն հայտարարել է, որ հուլիսի 10-ին իրականացրած խուզարկությունների արդյունքում առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ) : 

«Ահաբեկչության նախապատրաստության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում խուզարկությամբ առգրավված առարկաների վերաբերյալ ԶԼՄ-ներում, ինչպես նաև տարբեր անհատների կողմից փորձ է կատարվում ապատեղեկատվություն տարածել, թե իբր հայտնաբերված առարկաները նախատեսված են այլ նպատակային նշանակության համար և հանրային վտանգավորություն չեն ներկայացնում:

Այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ նշանակված դատապայթյունատեխնիկական, դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննության շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ այսօր կատարված խուզարկությունների ընթացքում առգրավված նռնակը հանդիսանում է «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, իսկ 2 էլեկտրական անդրապայթիչները (դետոնատորները) նույնպես հանդիսանում են ռազմամթերք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ : 

ՔԿ-ն, հաշվի առնելով վերոգրյալը, հորդորում է զերծ մնալ անձնական կամ այլ  շարժառիթներով պայմանավորված ապատեղեկատվություն տարածելու արատավոր գործելաոճից, ինչպես նաև ձեռնպահ մնալ հանրության շրջանում քրեական վարույթի նյութերից չբխող կեղծ տեղեկություններ շրջանառելուց:

Հայտարարության մեջ նշվում է, որ Քննչական կոմիտեն շարունակելու է հետևողական կերպով  օրինականության և արդարության սկզբունքների անշեղ կենսագործմամբ նախաքննության խնդիրների արդյունավետ իրականացումը և ձեռնարկելու է քրեադատավարական օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ այդ սկզբունքների կենսագործումը՝ վստահեցնելով, որ օրենքով սահմանված կարգով հակազդելու է հակաօրինական բնույթ կրող ցանկացած տեսակի հանցավոր ոտնձգությանը։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում