Իրավունք

ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումից

2 րոպեի ընթերցում

ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Արծվիկ Մինասյանի  նկատմամբ քրեական հետապնդումից

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Դատախազի կողմից որոշում է կայացվել Ա․Մ-ի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։ Արծվիկ Մինասյանը հրաժարվել է ցուցմունք տալուց»,- նշել է Ավդալյանը։

Նա հայտնել է, որ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը:

Հուլիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովը կողմ էր քվեարկել «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ 

Ըստ ներկայացված փաստերի՝ վերջինս 2016-2018 թթ. Բնապահպանության նախարարի պաշտոնում իր լիազորությունները չարաշահելով՝ խոչընդոտել է իրավական ընթացակարգերով ապօրինի զավթված հողատարածքի առգրավմանը, ընդհակառակը՝ մասնակցել է դրա օրինականացման գործընթացին։

Քննությունը բացահայտել է, որ Արծվիկ Մինասյանը տեղեկացված է եղել, որ նշված տարածքում ինքնակամ կառուցվել է առանձնատուն՝ Սեյրան Օհանյանի համար, սակայն պաշտոնապես մրցույթ է կազմակերպել տարածքը կառուցապատման իրավունքով փոխանցելու համար՝ ի վերջո ապահովելով նրա շահերը ներկայացնող անձի հաղթանակը։

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվելու Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար, որի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ։ 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում