Սեյրան Օհանյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում
4 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանված մի շարք հոդվածներով։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նրա խոսքով՝ դատախազի կողմից կայացվել է որոշում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել։
«Դատախազի կողմից որոշում է կայացվել Ս.Օ.-ի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) և 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և քննիչի կողմից վերջինիս մեղադրանք է ներկայացվել»,- ասել է Ավդալյանը։
Նա նշել է նաև, որ Սեյրան Օհանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։
«Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,- ավելացրել է Ավդալյանը։
Հուլիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովը կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած միջնորդագրի համաձայն՝ Սեյրան Օհանյանին վերագրվում է մի շարք հանցավոր արարքների կատարում՝ կապված «Սևան» ազգային պարկի տարածքում պետական հողատարածքի ապօրինի զավթման, առանձնատան կառուցման, գույքի չհայտարարագրման և կաշառքի դիմաց շինարարական կազմակերպություններին առավելություններ տրամադրելու հետ։ Քննությամբ պարզվել է, որ Սեյրան Օհանյանը, Պաշտպանության նախարար եղած տարիներին, առանց իրավական հիմքերի տիրապետել է ավելի քան 1 հա պետական հողատարածքի, որի վրա կառուցվել է առանձնատուն։ Այնուհետև, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նա կազմակերպել է տարածքի օրինականացումը՝ հողամասը փոխանցելով իր հետ փոխկապակցված անձի անվամբ։ Ըստ մեղադրանքի՝ այդ գործընթացում ներգրավվել են նաև ՊՆ ենթակա ստորաբաժանումներ և շինարարական ընկերություններ, որոնցից մեկը, ըստ ՔԿ հաղորդման, կատարված աշխատանքի դիմաց չվճարված գումարը դիտարկել է որպես կաշառք։ Սեյրան Օհանյանին առաջադրվելու են մեղադրանքներ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում (հետագա ծանր հետևանքներով), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ, ապօրինի ծագում ունեցող գույքը օրինականացնել և հայտարարագրման ենթակա գույքի թաքցնում։