Տնտեսություն

ՀՊՏՀ-ի և Ֆլորիդայի պետական համալսարանի միջև ստորագրվեց Հայաստանում ձեռնարկատիրության զարգացումը խթանող հուշագիր

8 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հանդիսավոր կերպով մեկնարկեց Միացյալ Նահանգների պետքարտուղարության ֆինանսավորմամբ իրականացվող նախագիծ, որի շրջանակներում ՀՊՏՀ-ն և ԱՄՆ Ֆլորիդայի պետական համալսարանը սկսում են համատեղ ծրագիր՝ նպատակ ունենալով ԱՄՆ-ի առաջատար փորձի և գերազանցության հիման վրա՝ խթանել STEM և սոցիալական ձեռնարկատիրության նորարարական կրթության զարգացումը Հայաստանում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագործակցության պաշտոնական մեկնարկի միջոցառմանը մասնակցում էին ՀՊՏՀ-ի ռեկտոր Արմեն Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Ֆլորիդայի պետական համալսարանի Ջիմ Մորանի ձեռնարկատիրության դպրոցի դեկանի տեղակալ, պրոֆեսոր Էրիկ Լիգուորին, ինչպես նաև մի խումբ հյուրեր ԱՄՆ-ից։ 

ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այսօրվա միջոցառումը նշանավորում է այն կարևոր նախաձեռնության պաշտոնական մեկնարկը, որն իրականություն է դարձել ԱՄՆ պետքարտուղարության աջակցության շնորհիվ։  

«Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ այս վերափոխված և արդիականացված միջավայրում՝ պաշտոնապես մեկնարկելու մի կարևոր ու հեռանկարային գործընկերություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Ֆլորիդայի պետական համալսարանի միջև։ Այս ծրագիրն արտացոլում է համատեղ նախաձեռնություններն առաջ մղելու մեր ընդհանուր հանձնառությունը՝ համադրելով ամերիկյան արժեքավոր փորձառությունը և հայկական ներուժը։ Բազմաթիվ առումներով այն աննախադեպ է՝ որպես Հայաստանի պետական բուհի և ԱՄՆ հանրային համալսարանի միջև ձևավորված առաջին լայնածավալ համագործակցություն, որը կարևոր հանգրվան է մեր երկրի բարձրագույն կրթության միջազգայնացման ճանապարհին։ Միասին մենք մեկնարկում ենք մի ծրագիր, որն ավելին է, քան ենթակառուցվածքների, վերապատրաստման կամ միջազգային փոխանակման շրջանակները։ Մենք սկսում ենք վերափոխման մի գործընթաց՝ ոգեշնչելու նոր սերնդի ձեռնարկատերերին։ Մենք հավատում ենք, որ ձեռնարկատիրությունը միայն բիզնես հիմնելը չէ։ Այն սոցիալական առաջընթացի, աղքատության նվազեցման և համայնքների կայուն զարգացման հզոր գործիք է»,-ասաց ռեկտոր Գրիգորյանը։ 

Նրա խոսքով՝ այս ծրագրի նպատակն է ուսանողներին և փոփոխություններ իրականացնելու ձգտում ունեցող երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ միջավայր, գիտելիք, գործիքակազմ և մենթորություն՝ իրենց գաղափարներն իրագործելու համար։ 

«Ծրագրի առանցքային բաղադրիչներից մեկը կլինի ՀՊՏՀ-ում նորարարական էկոհամակարգի՝ STEM սոցիալական նորարարների ինկուբատորի հիմնումը, որը կնպաստի համագործակցությանը, մենթորությանը և գործնական ուսուցմանը։ Այս տարածքը կդառնա ձեռնարկատիրական ուսումնական ծրագրերով և ամերիկյան լավագույն փորձով համալրված հարթակ, որը կհամակարգի հատուկ նշանակված մասնագետը։ Նախաձեռնությունն առանձնակի ուշադրություն է դարձնում STEM ոլորտում ձեռնարկատիրությանը, քանի որ գիտությունը, տեխնոլոգիան, ինժեներական և մաթեմատիկական ոլորտները նորարարության, տնտեսական աճի և զարգացման հիմնական շարժիչներն են։ Ձեռնարկատիրական մտածողությունը STEM կրթության մեջ ներառելով՝ մենք ուսանողներին պատրաստում ենք ոչ միայն խնդիրներ լուծելու, այլև փոփոխություններ առաջնորդելու։ Մեր նպատակն է ձևավորել սոցիալապես գիտակից նորարարների սերունդ, որը կկարողանա իր տեխնիկական գիտելիքները կիրառել իրական խնդիրների լուծման ուղղությամբ և նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի զարգացման գործում»,-ասաց Արմեն Գրիգորյանը։ 

Վերջինս հավելեց, որ ծրագրի շրջանակում կհիմնվեն ձեռնարկատիրության նոր դասընթացներ, կհզորացվեն տեղական դասախոսական կազմի կարողությունները և կզարգացվի միջազգային համատեղ ուսուցումը COIL հարթակի միջոցով։  

«Այս գործընկերության հիմքում ընկած է հավատը, որը մենք տածում ենք կրթության ուժի, համագործակցության արժևորման և մեր երիտասարդների խոստումնալից ապագայի նկատմամբ։ Մեկնարկող ծրագիրը ՀՊՏՀ-ի և Ֆլորիդայի պետական համալսարանի միջև ձևավորվող երկարաժամկետ ու փոխադարձաբար հարստացնող հարաբերությունների ընդամենը սկիզբն է»,-ընդգծեց ՀՊՏՀ ռեկտորը։ 

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը, ողջունելով ներկաներին, նշեց, որ մեծ պատիվ է համագործակցության նոր գլուխ բացել Ֆլորիդայի պետական ​​համալսարանի և Հայաստանի պետական ​ տնտեսագիտական ​​համալսարանի միջև:  

«Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ունի երկար և հաջողակ պատմություն՝ համագործակցելով Տնտեսագիտական ​​համալսարանի հետ։ Մենք շնորհակալ ենք համալսարանին իր շարունակական և շատ պրոֆեսիոնալ գործընկերության համար: Անշուշտ, Ֆլորիդայի պետական ​​համալսարանը Միացյալ Նահանգների առաջատար համալսարաններից մեկն է, և նրա թիմի անդամները, որոնք այսօր այստեղ են, աշխարհի առաջատար մասնագետներից են՝ ձեռներեցության ոլորտում։ Այս նոր գործընկերությունը կօգնի ամրապնդել նորարարությունը և ձեռներեցությունը, և որն առավել կարևոր է՝ մեր երկրների համատեղ բարգավաճման մեջ ռազմավարական ներդրում կատարել»,-ասաց դեսպան Քվինը։  

Նրա դիտարկմամբ՝ մարդկությունն այժմ ապրում է մի աշխարհում, որը ձևավորվում է տեխնոլոգիայով, սնուցվում նորարարությամբ և առաջնորդվում է ձեռնարկատիրությամբ։  

«Այս գործընկերությունը միավորում է ամերիկյան լավագույն գիտելիքները և հայկական տաղանդը՝ իրական խնդիրներ լուծելու, տեղական տնտեսությունները զարգացնելու և ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև համագործակցության և առևտրի նոր դռներ բացելու համար։ Սա հաղթանակ է ԱՄՆ համալսարանների համար, որոնք ձեռք են բերում արժեքավոր միջազգային փորձ և նոր հետազոտական  հնարավորություններ։ Սա նաև հաղթանակ է ԱՄՆ ընկերությունների համար, որոնք փնտրում են գլոբալ գործընկերություններ և ապագային պատրաստ տաղանդներ»,-ընդգծեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը:  

Քրիստինա Քվինի բնորոշմամբ՝ ներդրումներ կատարելով Հայաստանի գիտական ​​և ձեռնարկատիրական էկոհամակարգում՝ Միացյալ Նահանգներն օգնում է ձևավորել ապագա, որն առաջ է մղում ազատ ձեռնարկատիրության, արժանիքի և հաշվետվողականության ամերիկյան սկզբունքները: 

«Ավելի դիմացկուն, նորարարական և ինքնուրույն Հայաստանը տարածաշրջանը դարձնում է ավելի կայուն, ավելի կապված և ավելի բաց՝ ԱՄՆ ներգրավվածության համար: Միևնույն ժամանակ, մենք ցուցադրում ենք Ամերիկայի, մեր համալսարանների, մեր ձեռնարկատերերի և նորարարական խնդիրներ լուծողների լավագույն կողմերը: Ամերիկյան հաստատությունների հետ համատեղ հետազոտությունները, ինչպիսին սա է, օգնում են Հայաստանին՝ տեղական տաղանդներին վերածելով գլոբալ մրցակիցների»,-իր խոսքում շեշտեց դեսպան Քրիստինա Քվինը՝ վստահություն հայտնելով, որ այս ծրագիրը հաջող ընթացք կունենա։ 

Այնուհետև Ֆլորիդայի պետական համալսարանի Ջիմ Մորանի ձեռնարկատիրության դպրոցի դեկանի տեղակալ Էրիկ Լիգուորին ներկայացրեց ծրագրի մանրամասները և դրա շրջանակներում ձևավորվելիք համագործակցության ուղիները։

Հանդիսավոր միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ծրագրի շնորհանդեսը և երկու համալսարանների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում